Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակից ու պատերազմից հետո որքան մարդ է մնացել Հայաստանում

Մայիս 15,2021 14:00

Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարի 3600 մարդով Հայաստանի բնակչությունն ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատությամբ:

Հայաստանի բնակչությունը 2021 թվականի տարեսկզբին կազմել է 2 միլիոն 963 հազար 300 մարդ: Մեր երկրի քաղաքային բնակավայրերում ապրում են 1 միլիոն 895 հազար 600 մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 միլիոն 67 հազար 700 քաղաքացի: Բնակչության մասին տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 959 հազար 700 մարդ, որից Երեւանում բնակվել է 1 միլիոն 892 հազար 100 մարդ: Այսինքն՝ 2021-ին 3600 մարդով մեր երկրի բնակչությունն ավելի է:
Ըստ նույն աղբյուրի, այս տարի էլ ամենաշատ բնակչությունը Երեւանում է: Մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1 միլիոն 91 հազար 700 մարդ:

Բնակչության մեծությամբ Երեւանից հետո Արմավիրի մարզն է, որտեղ ապրում է 264 հազար մարդ, որից 181 հազար 500-ը գյուղական բնակավայրերում: Ամենաշատ մարդն Արմավիրում ապրում է Էջմիածնի տարածաշրջանում՝ 133 հազար 400 մարդ, ամենաքիչը՝ Մեծամոր քաղաքում՝ 8 հազար 400 քաղաքացի: Մարզի Վաղարշապատ քաղաքում ապրում է 46 հազար 400 բնակիչ:

Արարատի մարզը մեր հանրապետությունում բնակչության մեծությամբ երրորդն է: Այստեղ ապրում են 256 հազար 600 մարդ, որից 184 հազար 600-ը Արարատի գյուղերում: Մարզի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Արարատի տարածաշրջանում, որտեղ ապրում է 87 հազար 600 բնակիչ: Արտաշատում, որը համարվում է մարզկենտրոնը, այս պահին բնակվում է 19 հազար 100 բնակիչ: Այս մարզում ամենաքիչ բնակեցվածը Վեդի քաղաքն է՝ 11 հազար 800 մարդ:

Կոտայքի մարզում 251 հազար 200 մարդ է բնակվում: Այս մարզում 136 հազար 800-ը քաղաքային բնակավայրերում են ապրում, 114 հազար 400-ը՝ Կոտայքի գյուղերում: Այս մարզում ամենախիտը բնակեցված է Հրազդանի տարածաշրջանը, որտեղ ապրում է 82 հազար 500 մարդ:
Ամենաքիչ բնակչությունը Ծաղկաձորում է՝ 1200 մարդ:

Շիրակի մարզում բնակվում է 231 հազար մարդ, որից 95 հազար 800-ը գյուղական բնակավայրերում: Միայն Գյումրիում, որը մարզի շրջկենտրոնն է, ապրում 112 հազար 100 մարդ: Մարալիկում բնակվում է 5 հազար 400 քաղաքացի:

Լոռու մարզի բնակչությունը 2021 թվականի տարեսկզբին կազմել է 212 հազար 600 մարդ: Մարզկենտրոն Վանաձորում ապրում է 76 հազար 900 մարդ: Բնակչության մեծությամբ, Լոռիում երկրորդը Թումանյանի տարածաշրջանն է, որտեղ բնակվում է 37 հազար 700 մարդ: Լոռու մարզում ամենաքիչ բնակչությունն ունի Շամլուղ քաղաքը՝ 600 բնակիչ: Թումանյան քաղաքում ապրում է 1400 քաղաքացի:

Սյունիքի մարզում ապրում է 135 հազար 800 քաղաքացի: Կապանի տարածաշրջանն ամենախիտ բնակեցվածն է: Կապանի բնակավայրերում ապրում է 56 հազար 100 մարդ: Սյունիքում բնակչության մեծությամբ հաջորդը Գորիսի տարածաշրջանն է, որտեղ ապրում է 40 հազար մարդ, Սիսիանի տարածաշրջանում էլ՝ 29 հազար 300 մարդ: Սյունիքի մարզում ամենաքիչ բնակչությունը Դաստակերտ քաղաքում է: Այս քաղաքում ապրում է 300 բնակիչ: Մեղրիում բնակվում է 4 հազար 200 մարդ:

Վայոց Ձորի մարզում ապրում է 48 հազար 100 քաղաքացի: Մարզի բնակչության մեծամասնությունը բնակվում է Եղեգնաձորի տարածաշրջանում՝ 31 հազար 300 մարդ: Միայն Վայքի տարածաշրջանում ապրում է 16 հազար 800 քաղաքացի: Ջերմուկ քաղաքում՝ 4 հազար մարդ:
Տավուշի մարզում ապրում է 120 հազար 500 քաղաքացի, որից 50 հազար 600-ը քաղաքային բնակավայրերում, 69 հազար 900-ը՝ գյուղական:
Տավուշում ամենաշատ բնակչությունը Իջեւանի տարածաշրջանում է. այստեղ ապրում է 47 հազար 200 քաղաքացի: Իջեւանը Տավուշի մարզկենտրոնն է: Միայն մարզկենտրոնում ապրում է 20 հազար մարդ: Տավուշի Դիլիջան քաղաքում՝ 17 հազար 200 մարդ: Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվում է 27 հազար 100 մարդ, Բերդ քաղաքում՝ 7 հազար 100 մարդ:

Արագածոտնի մարզում այս տարվա դրությամբ ապրում է 124 հազար 500 մարդ: Աշտարակի տարածաշրջանում, որտեղ ապրում է բնակչության մեծամասնությունը, ներկայումս բնակվում է 58 հազար 300 քաղաքացի: Ապարանի տարածաշրջանում բնակվում է 21 հազար 100 մարդ: Արագածոտնում ամենաքիչ բնակչությունն ունի Թալին քաղաքը, որտեղ ապրում է 4 հազար մարդ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել