Մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր հիշում են 1992թ. մայիսի 10-ի դեպքերը, երբ ազերիները Վարազաթմբից գերեվարեցին տասը տարեց կանանց՝ մայրերի: Ութ տանկով էր մտել թշնամին:
Նրանց ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, անմայր մնացած այս ընտանիքները ապրեցին ցավը սրտերում: Թամարա եւ Նադեժդա Նազարյան քույրերն իրենց 72- ամյա մորը՝ Աստղիկին գտնելու համար դիմեցին ամեն տեղ՝ Ա.Ղարամյանի գլխավորած ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հանձնաժողով, Կարմիր խաչ, բանակցություններ սկսվեցին, որպեսզի մեր 10 մամիկներին փոխանակեն «Գորշ գայլերի» գնդապետի հետ, իսկ երբ թուրքերը գտան «գայլի» այրված դիակը` հրաժարվեցին գերեվարվածներին բաց թողնել… Գտնվել էր մի մարդ, ով 50 հազար ռուբլու դիմաց պետք է բերեր Նազարյանների մորը: Սակայն ինչպես Նադեժդան է ինձ հիշեցնում, այդ տղան էլ բռնվեց…
Մանկավարժ Թամարա Նազարյանն այլեւս երբեք Արցախը, զինվորին, զենքը չթողեց, վայր չդրեց: Այսօր Ասկերանում է, մանկավարժ քրոջ՝ Նադեժդայի, ով նաեւ նրա խնամակալն է, դստեր հետ. «Սնարյադը քարուքանդ է արել տունը: Պատերն այս վիճակում են: Աղջիկս, որ քրոջս մոտ է, հինգ կգ գազ է վառում, գազ չկա քաշված»,-ասում է նա:
Որպեսզի Թամարային կամավորագրեին՝ նա անգամ ծննդյան թիվն էր փոխել, 1939թ. դարձնելով 1950…Մի անգամ էլ թաքնվել է մեքենայի թափքում, որպեսզի տղաների հետ նրանց կողքին լինի: Երբ տղաները տեսել էին, նրան իջեցրել էին, իսկ հետագայում ռմբակոծության էր ենթարկվել մեքենան, մեր զինվորներով….
Կարդացեք նաև
Ստացել է ցնցակաթված, վիրավորվել ոտքից, ձեռնամարտի ժամանակ 1991թ. հոկտեմբերի վեցին ձախ քունքից ստացել է վնասվածք: 1994թ., երբ ռմբակոծել են մեքենան, Թամարան դուրս էր ընկել, հայտնվել հողի տակ: Նրա շալի մի մասը հողից դուրս էր մնացել: Երբ եկել են վիրավորներին, մահացածներին գտնելու, տեսել էին «Թամարայի շալը», քաշել էին, ծանր է եղել, ապա գտել նրան վիրավոր:
Թամարա Նազարյանն, ինչպես իննսունականների մեր սերուցքը, նվիրյալները, լուսանկարներ չունեն: Այս տարեց կինը երբեք իրեն չի պատառոտում էկրանների առաջ, չի ծեծում խմբագրությունների դռները, չնայած ողջ կյանքը արտասովոր հերոսապատում է: Նա պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի կողմից Մարշալ Բաղրամյանի անվան, «Արիության համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով:
Ինչո՞ւ եմ հիշել նրան:
Պատճառը Վեդու քաղաքապետին Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակն էր, եւ նամակի պատասխանը…
Թամարա Արմենակի Նազարյանը ծնվել է 1939 թ. մարտի 15-ն, Արանզամին գյուղում: Նա 1954թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: 1991-1992 թվականներին աշխատել է Կոտայքի մարզի Գեղաշենի, 1992 թվականից՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամութի դպրոցներում։ Դասավանդել է մաթեմատիկա:
1992-1994 թվականներին Արանզամինի կամավորական ջոկատի եւ Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Ասկերանի (Արանզամին, Նախիջեւանիկ), Աղդամի (Աղդամ, Շելլի, Աթափլու եւ այլն) շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։
Վարազաթումբը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է: Հիշեցնեմ, որ 1994 թվականի փետրվարի 11-12-ին ռազմական գործողություններն ընթացել են գլխավորապես այս տարածքում։ Փետրվարի 12-ին հայկական ուժերին հաջողվեց վերահսկողություն սահմանել Վարազաթմբի բլուրի շրջակայքում, իսկ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում այն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Թամարա Նազարյանը, ով այսօր էլ դեռ արցախյան կիսափլված տանն է՝ լուսանկարում պատկերված, ստացել էր կոնտուզիա, երկրորդ խմբի հաշմանդամ է, ունի մարմնին բազմաթիվ բեկորներ…
Թամարան պարտությունից հետո եկավ «Առավոտ»:
Նա նամակներ էր բերել, որպեսզի կարդայի: Քանի որ լավ չէր լսում, ամեն բառից հուզվում էր, ձայնը կտրվում, ասելիքն ամփոփել էր նամակում:
Թամարան, քանի որ գրանցվել է քրոջ՝ Վեդիի հինգերորդ հարկում գտնվող բնակարանում, դիմել էր վարչապետին, որպեսզի նույն Վեդիում իրենց ընտանեկան հողակտորի վրա հատկացնեն տնակ՝ դոմիկ, վերադարձնելու պայմանով, որպեսզի ամեն ինչ կորցրած Թամարան կարողանա կյանքի վերջին օրերն անցկացնի (Թամարայի քույրը յոթ երեխա ունի, բազմանդամ մանկավարժը գնել էր այդ հողակտորը սեփական միջոցներով):
«Քաղաքապետարանը միջոցներ չունի ձեռք բերելու». Վեդիի քաղաքապետարանը մերժել էր նրա առաջին ու թերեւս վերջին խնդրանքը:
Թամարան գրել էր. «Ոչ ոք իրավունք չունի կնոջ մասնակցությամբ ձեռք բերվածը վաճառելու հակառակորդին: Խիղճս հանգիստ է հայրենիքիս նկատմամբ: Այլեւս անելիք չունեմ: Ստեփանակերտի եւ Երեւանի հրամանատարական կազմին նվիրում եմ «նամարդ» բառը, բոլոր հոմանիշներով, իմ ծառայության եւ իմ նկատմամբ վերաբերմունքի համար: Արցախի հրամանատարություն, դուք կրկնակի եք «նամարդ»: Հիշեցնե՞մ, թե՞ թողնեմ պատմությանը: Երեւանում տեղակայված նույն հայկական պաշտպանության նախարարություն, իմ տեսախցիկի ժապավենը պտտեք, վերջին անգամ ձեզ մոտ եղածս կտեսնեք ու կլսեք հրաժեշտի խոսքս»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2021