Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հայրս ողջ լիներ, սիրտը չէր դիմանա»

Մայիս 15,2021 13:00

Յուրի Սահակյանի որդին` հոր մասին

Մյուս տարի լրանում է երջանկահիշատակ գրող, մանկագիր Յուրի Սահակյանի ծննդյան 85-ամյակը: Գրողի որդին` Հակոբ Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ մտածում են նրա ծննդյան օրը` հուլիսի 22-ը յուրահատուկ նշելու, ինչ-ինչ միջոցառումներ անցկացնելու մասին:

«Ցավոք, այս պատերազմի ընթացքում հայրիկիս ծննդավայրը` Չայլու գյուղը մնաց թշնամուն: Ես մտածում եմ, որ եթե հայրս ողջ լիներ, սիրտը չէր դիմանա»,-նշում է որդին:

Հակոբն ասում է, որ Արարատ լեռան հանդեպ հայրը բացառիկ սեր ուներ. «Մեր տան պատշգամբից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, ամեն առավոտ մենք հստակ տեսնում էինք Մասիսները, հայրս էլ սիրում էր լուսանկարել, ուներ ժապավենային լուսանկարչական սարք: Ի վերջո, Արարատի լուսանկարներից կազմված գրքույկ հրատարակվեց, որտեղ տեղ գտան նրա բանաստեղծությունները՝ բացառապես Արարատի մասին… Հիշում եմ, որ փոքր էի, ասենք՝ հայոց լեզվից հանձնարարում էին նախադասություն կազմել, ես դժվարանում էի, հայրս ասում էր` դուրս արի պատշգամբ, տես ինչքան նախադասություն կա, եթե նայես պատշգամբից»:

Յուրի Սահակյանի որդին ընդգծում է, որ թեեւ 18 տարեկանից հայրը դուրս էր եկել իր գյուղից, բայց միշտ կապված էր ծննդավայր Արցախին. «Իր 50-ամյակն էլ նշվեց ծննդավայրում, հիշում եմ` գյուղապետարանը շատ մեծ միջոցառում էր կազմակերպել Չայլուի դպրոցում… Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ հայրս իրադարձությունների կիզակետում էր` օգնություններ, զենք, հանդիպումներ: Մինչեւ Արցախյան առաջին պատերազմը սկսելը հայրս ինձ ու քրոջս ամեն ամառ ուղարկում էր գյուղ հանգստանալու»:

Հակոբը խոսելով ընտանեկան ավանդույթներից մեկի մասին, ասում է, որ ամեն տարի հունվարի 1-ին պարտադիր հավաքվում են հայրական տանը ու հավաքույթից հետո լուսանկարվում: Հոր մահից հետո ավանդույթը պահել են, կրկին լուսանկարվում են, բայց արդեն հոր լուսանկարի հետ:

Հիշում է, թե ինչպես էր հայրը միշտ խորհուրդ տալիս շատ կարդալ, հատկապես որ շատ մեծ գրադարան ունեին. «Որ պահարանը բացում էինք, գիրք էր: Նույնիսկ մի անգամ, երբ փոքր երեխա էի, դժգոհեցի, որ հարեւանների պահարաններում ապակեղեն է դրված, իսկ մեր պահարանում մի… Այսօր էլ, երբ դստերս որեւէ գիրք է անհրաժեշտ լինում, պապիկի տանն անպայման գտնում է: Հայրս նաեւ ցանկացած օր գնումներից վերադառնալիս անպայման հետը նաեւ գիրք էր բերում»:

Հակոբ Սահակյանը հիշում է, թե Արցախյան առաջին պատերազմի հաղթանակներով, Շուշիի ազատագրմամբ ինչ ոգեւորված էր Յուրի Սահակյանը. «Մարտակերտը մի պահ անցավ թշնամու ձեռքը, հետո վերադարձավ, այդ բոլոր նորություններով ապրում էր, ոգեւորվում հաղթանակներով, հետո, երբ տեսնում էր, ոնց չեն գնահատում, արժեւորում հաղթանակները, ծանր էր տանում: Նրա այդ զգացողությունները տեղ գտան բանաստեղծություններում: Նա ունի «Դավաճան է նա, ով հող է զիջում» վերնագրով մի գործ, որը պահված է նրա համակարգչի համապատասխան բաժնում: Վերջերս նորից կարդացի ու տեսա, թե ինչ մարգարեական է… Ինքն ընդհանրապես աշխատում էր քաղաքականությամբ չզբաղվել եւ իր մեջ կուտակվածն արտահայտումն էր բանաստեղծություններում, որոնք դեռ չեն հրատարակվել»:

Հավելում է, որ պատրաստվում են հրատարակել հոր թե անտիպ գործերը, թե վերահրատարակել` լավագույն ստեղծագործությունները:

Հիշում է, որ հայրը մտերիմ էր Երվանդ Պետրոսյանի, Լիպարիտ Սարգսյանի, Հրաչյա Մաթեւոսյանի հետ, իսկ Հրանտ Մաթեւոսյանի հետ համակուրսեցիներ էին: Ասում է, մի անգամ Սեւակն ու Հրանտ Մաթեւոսյանը որոշել են գրական անուն մտածել նրա համար, սակայն հայրը չի համաձայնել, քանի որ մտածել է, որ Հայրենական պատերազմի ժամանակ անհետ կորած հայրը գրական կեղծանունով չի կարողանա գտնել իրեն, բայց նաեւ ցանկացել է, որ գրական կեղծանունը Գեւորգ Գետք լինի:

Հակոբն ասում է, որ հոր մահից հետո սկսեց բացահայտել գրող, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Յուրի Սահակյանին. «Իրեն միշտ հրավիրում էին դպրոցներ, մանկապարտեզներ, ու քանի որ մանկական գրող էր, երեխաների հետ սիրում էր շփվել, ասում էր` մեծահասակների աշխարհը պղտորված է: Վերջին տարիներին կոտրվածքների պատճառով անկողնուն էր գամված, եւ եթե մոտը մտքեր էին առաջանում, խնդրում էր դրանք ձայնագրել»:

Գրողի որդին դրանք խնամքով պահել է, մեկն էլ «Ծանոթ մի երգն է».

Սուտասելո՜ւկ էր,
Սուտանելո՜ւկ էր,
Սուտապրելո՜ւկ…
Աշխարհն` այնքա՜ն պարզ,
Որ չարժեր նույնիսկ մի հանելուկ:
Ծնվեցի՛ր` ապրե՜ս,
Ապրո՛ւմ ես` ապրե՜ս,
Մեռա՛ր` շա՜տ ապրես…
Կյանքը ի՛նչ է որ՝
Մի հին ու տարտամ շուտասելուկ.
Սուտասելուկ ու
Սուտանելուկ ու
Սուտապրելուկ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31