Լեհ գիտնական Պավել Գրժեշիկը ուսումնասիրում է հայերի պատմությունը
«Centrum Wolontariata W Kielciach» կազմակերպության հրավերով մարտից ապրում եւ աշխատում եմ Լեհաստանի Կելցե քաղաքում։ Այնտեղ հանդիպեցի Պավել Գրժեշիկին, որն ուսումնասիրում է Լեհաստանի հայերի պատմությունն ու մշակույթը։ Պարզվեց՝ Պավելն աշխատում է Կելցեի ազգային թանգարանում։ Նա ինձ հրավիրեց թանգարան եւ ավելի մանրամասն ծանոթացրեց իր գործունեությանը։
Պավելն ասում է. «Սկսել եմ հետաքրքրվել հայկական պատմությամբ Գրժեգորժ Աքսենտովիչի շնորհիվ, որը 1930-ականներին Կելցեում արհեստների պալատի ղեկավարն էր։ Մի օր նրա որդին՝ Մարեկը, հորը նվիրված անձնական հավաքածուն նվիրաբերեց մեր թանգարանին, եւ ես որոշեցի հոդված գրել Գրժեգորժի մասին։ Այդ ընթացքում բացահայտեցի, որ նա գիտեր իր հայկական արմատների մասին եւ հպարտ էր այդ փաստով։ Եվ ահա սա էր այն հանգամանքը, որի շնորհիվ սկսեցի հետաքրքրվել Լեհաստանի հայերի, ինչպես նաեւ Հայաստանի պատմությամբ, եւ այս ամենը՝ մեկ մարդու կյանքի պատմության շնորհիվ։ Դրանից հետո տարբեր դասախոսություններ եմ կարդացել Կելցեի ազգային թանգարանում եւ այլ վայրերում Հայաստանի եւ Լեհաստանի հայերի մասին»,-ասաց նա:
Հետո Պավելը ցույց է տալիս իր՝ ավելի քան հարյուր էջից բաղկացած սահիկաշարը (պրեզենտացիա) այս թեմայով, որը ներկայացրել է երեք տարի առաջ Կելցեի արվեստի դպրոցում. այստեղ մի ամբողջ տարի նվիրված էր հայկական արվեստին եւ մշակույթին։ Ծրագրում կարեւոր տեղ էին զբաղեցնում խաչքարերը։ Դրանցից մեկը գտնվում է Կելցեում եւ ստեղծվել է արվեստի դպրոցում, երկրորդը Շվիենտոկշիշկիե լեռների Սուրբ Խաչ եկեղեցում է։ Սահիկաշարը նաեւ ներառում է Պավելի գեղեցիկ լուսանկարները, որոնք գիտնականն արել է Հայաստանում։
Կարդացեք նաև
Դրանցից մի քանիսը Գեղարդից են. խաչքարերը եւ հարուստ զարդարված խորանը լավ համալրում էին «Հայկական արհեստանոց, դետալների արվեստ» ցուցահանդեսում։ Ցուցահանդեսի հյուրերից մեկը Հայաստանի դեսպանն էր։ Նա ժամանել էր Վարշավայից, որպեսզի ներկա լիներ Պավելի ցուցադրությանը։
«Ինչ վերաբերում է Լեհաստանի հայերին, նրանք սկզբում ապրել են Ղրիմում, տասնչորսերորդ դարում գաղթել են Լվով, որն այդ ժամանակ Լեհաստանի թագավորության մաս էր, իսկ Լեհաստանի ղեկավարը Կազիմիր Մեծն էր՝ լեհ ամենակարեւոր թագավորներից մեկը։ Իր կառավարման օրոք նա շատ մարդկանց է հրավիրել մեր երկիր, ներառյալ գերմանացիներին, հրեաներին եւ հայերին, որովհետեւ գիտեր, որ նրանք լավ առեւտրականներ են, հրաշալի արհեստավորներ, ինչի շնորհիվ էլ կառուցելու եւ հարստացնելու էին լեհական քաղաքները։ Մագդեբուրգի քաղաքային օրենքը ունի մի կետ, որում հայերի մասին նշվում է առանձնակի։
Մասնավորապես թագավորը նրանց տվել է իրավունք՝ ունենալու իրենց սեփական օրենքները քաղաքում բնակվելիս։ Կազիմիրի մեկ այլ կարեւոր որոշում էլ հատուկ Լվովի համար նոր թեմի ստեղծումն էր, հայկական տաճարի կառուցումը եւ այն հայ եպիսկոպոսի նստավայր հռչակելը։ Տաճարն ի վերջո դարձավ Լեհաստանի հայերի համար ամենակարեւոր տեղը։
Հայերի համար մեկ այլ կարեւոր քաղաք է Կամիենեց Պոդոլսկին, որն այժմ Ուկրաինայի կազմում է։ Գեղեցիկ քաղաք է, հրաշալի տեղանք։ Այնտեղ մեծ ու շատ կարեւոր հայկական համայնք կար»,-հավելում է Պավելը:
Ապա բացում է Լեհաստանում հայկական համայնքների տեղանքը ցույց տվող քարտեզը եւ ասում. «Հայերն ապրել են Լեհաստանում իրենց սեփական թաղամասերում, խոսել են իրենց լեզվով, որը ոչ թե հայերենն էր, այլ կիպչակը, որը նրանք որդեգրել էին Ղրիմյան թերակղզու մոտ ապրող ժողովուրդներից։ Ավելի լավ առեւտրական հարաբերություններ հաստատելու համար հայերը սովորեցին նրանց լեզուն՝ մոռանալով հայերենը, բայց այբուբենն ամեն դեպքում օգտագործում էին։ Լեհաստանում նրանք ունեին իրենց եկեղեցին եւ ինչը ամենակարեւորն էր այդ ժամանակի համար, ունեին իրենց օրենսդրությունը»:
Աստղիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2021