Լրահոս
Օրվա լրահոսը

Պարը` համավարակի պայմաններում

Մայիս 15,2021 12:00

Օրերս անցկացվեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ակումբի գավաթի բաց մրցաշարը: Այն կազմակերպել էին ակումբի ղեկավարներ Գեորգի Բաբայանը, Պետրոս Աֆարյանը, Արմեն Մկրտչյանն ու Հարություն Թոփալիդիսը։ Մրցույթին մասնակցում էին նաեւ Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մարզիկներ եւ մրցավարներ։

Մրցաշարին մասնակցում էին 27 պարային ակումբների 337 անհատ պարուհիներ, 25 զույգ եւ 2 խումբ։ Ուրախալի է, որ մասնակիցների շարքում էին մարզիկներ նաեւ Էջմիածնից, Աբովյանից, Վանաձորից, Արմավիրից եւ Ստեփանակերտից:

Մրցաշարը սպասարկում էր 13 մրցավար, գլխավոր մրցավարը ՀՍՊՖ փոխնախագահ, WDSF միջազգային կարգի մրցավար, «Վիվատ» պարային ստուդիայի ղեկավար Արմեն Մխիթարյանն էր։ Վերջինիս գնահատմամբ` մրցաշարը կազմակերպված էր նման մրցույթների անցկացման բարձր մակարդակով` թե՛ մարզիկների, թե՛ հանդիսատեսի համար:

Արմեն Մխիթարյանը նշում է, որ կորոնավիրուսային խիստ սահմանափակումներից հետո սա երկրորդ մեծամասշտաբ մրցույթն էր, որտեղ մարզիկների մոտ զգացվում էր «մրցութային քաղցը». բոլորը մասնակցում էին շատ մեծ խանդավառությամբ, ինչն էլ իր հերթին պատճառ հանդիսացավ շատ դիտարժան մրցակցության: Նա վստահեցրեց` պարային մրցակցությունը վերածվեց իսկական տոնի` մեծագույն հաճույք պատճառելով մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին ու հանդիսատեսին։

«Մրցաշարի ողջ ընթացքում ի պաշտոնե պետք է հետեւեի մարզիկների ենթախմբերին, նրանց հագուստի, դիմահարդարման, սանրվածքի եւ պարային էլեմենտների կանոնների պահպանմանը` ըստ տարիքային խմբերի եւ ըստ պարային կարգերի: Բացի այդ, գլխավոր մրցավարն է որոշում, թե որ մրցավարը ինչ կարգ է սպասարկելու, որ կարգում քանի ենթախմբերով են ելույթ ունենալու մասնակիցները եւ այլն»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մխիթարյանը:

Նշենք, որ վերջինս 2007 թվականից ղեկավարում է «Վիվատ» պարային ստուդիան: Հպարտությամբ է հիշում, որ ստուդիայի սաների հետ հետաքրքիր ճանապարհ է անցել. մասնակցել են հանրապետական եւ միջազգային մրցույթների ու մշտապես ճանաչվել հաղթող կամ գրավել մրցանակային տեղեր։ «Վիվատ»-ը, ուր ուսուցանվում են սպորտային ու տարբեր ոճերի (Ջազ-Մոդեռն, Հիփ-Հոպ, Պարային շոու եւ այլն) պարեր, մշտապես մասնակցում է որակավորման դասընթացների, կատարելագործվում ու նոր շունչ հաղորդում ստուդիայի աշխատանքային ընթացքին:

Աշխարհին պատուհասած համավարակը կանխեց շատերի ծրագրերն ու նախագծերը, չիրականացան նաեւ պարողների մի շարք ելույթներ ու նրանց հետ հանդիպման պարասերների սպասումները: Սակայն այս դժվարին փորձությունների հաղթահարման ճանապարհին արդեն իսկ նշմարվում են նախկին առօրյային վերադառնալու փորձերը նաեւ պարի բնագավառում, որին անհամբեր սպասում են առաջին հերթին պարողներն ու պարասերները:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31