Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով. ԱԺ

Մայիս 14,2021 23:40

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը

Խորհրդարանը մայիսի 14-ի արտահերթ նիստում միաձայն՝ 86 կողմ ձայնով ընդունեց «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» եւ որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է Հայաստանի Հանրապետության տարածք՝ խորանալով մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ սույն թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է:

Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետությունը որեւիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք Հայաստանի Հանրապետությանն իրավունք են վերապահում իրականացնելու միջազգային իրավունքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:

Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին,

հայտարարում է՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու դրանց փաստացի գործադրումը, որոնք սպառնում են տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31