Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակից կախված՝ հնարավոր է նաև ՀԱՊԿ խորհրդի նիստ գումարվի». Արմեն Գրիգորյան

Մայիս 14,2021 23:03

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց այն ընթացակարգը, որ անցնելու ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը ներգրավվի ՀՀ սուվերեն տարածքի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Նա նշեց՝ եթե հարցնում են՝ ինչու՞ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարությանը, սա ցույց է տալիս, որ ընթացակարգերից տեղյակ չեն. «ՀԱՊԿ կանոնադրությունն ասում է, որ նման խնդրի առաջացման դեպքում 2-րդ և 4-րդ հոդվածների իրավիճակի դեպքում տվյալ պետության ղեկավարը դիմում է ՀԱՊԿ նախագահող երկրին: Այս դեպքում Տաջիկստանին, ինչը արվել է: Կարող ենք համարել՝ ընդհանուր առմամբ գործընթացն արդեն սկսված է»:

Նա հայտնեց՝ նամակը ստանալուց մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով Մշտական խորհրդի նիստ է հրավիրվում ու պարզաբանեց. «Շատ կարևոր է, որ մեկ օրվա ընթացքում Մշտական խորհրդի նիստ է տեղի ունենում, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների, ԱԳ նախարարների, ՊՆ նախարարների հանձնաժողովները սկսում են աշխատանքներ իրավիճակը գնահատելու համար»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են. «Եռօրյա ժամկետում մեր կոմիտեները կկարողանան իրավիճակի հետ կապված գնահատական տալ: Ըստ այդ գնահատականի՝ ՀԱՊԿ խորհրդի նիստ կհրավիրվի: Եթե այս երեք հանձնաժողովների եզրակացություններում իրավական լուծումներ են լինում, կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանա, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն են: Իրավիճակից կախված՝ հնարավոր է նաև ՀԱՊԿ խորհրդի նիստ գումարվի»:

Ելույթի եզրափակից մասում Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «ՀԱՊԿ-ը որպես միջազգային կառույց պարտավորություն ունի մեզ ռազմական օգնություն ցուցաբերել: Մենք բոլոր մեր գործիքները կիրառում ենք, որպեսզի տվյալ իրավիճակին տանք դիվանագիտական լուծում, բայց եթե լինի անհրաժեշտություն, մենք կգործարկենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որ վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել