Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սաղս պրոբլեմ ունենք էսօր, բայց ես չեմ հուսահատվում, ադրբեջանցին մի օր կուտի իրա մռթին ու ես էլ կենդանի կլինեմ`հիշեք». Սասուն Միքայելյան

Մայիս 14,2021 22:33

«Թե թերացել է ՊՆ-ն, որ դիրքերը մինչեւ այսօր չի դրել`հարց է`չի կարացել դնի, թե՞ չի դրել, որովհետեւ իրենց կողմից էլ դիրք կա: Մարտական գործողությունների ընթացքում չեն դիրքեր գրավել, եկել են նստել են մեր տարածքի մեջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն`անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին: Նա կարծում է, որ սա լուրջ խնդիր է եւ թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրավիճակը պատշաճ գնահատեն եւ հետագա քայլերը կանխորոշեն: Իսկ հայկական կողմը, ըստ նրա, ոչ թե պետք է «կանգնի`ըսենց անի, ընենց անի», այլ համախմբվի:

Հարցին`իսկ ո՞ւր էր հայկական զորքը, որ ադրբեջանցիներն անարգել մտել են մեր տարածք, նա չպատասխանեց`նախատելով լրագրողին. «Դու ծառայել ե՞ս: Դու բա՞ն ես, մարդիկ կան, որ բան են բռնում օդի միջից»:

Ինչ վերաբերվում է ԱԱԽ-ի այն պարզաբանմանը, որ եղանակային պայմանների պատճառով չեն հասցրել առաջնագիծը կահավորել, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե թերացում է եղել`դա ՊՆ-ի գործն է, բայց եթե չի կարողացել մինչեւ հիմա դնի էդ պոստը… դուք տեղանքին ծանոթ չեք, չեք պատկերացնում`ինչ է կատարվում, ընդամենը լսել եք`խոսում եք: Ես Գորիս եմ եղել անցած ամիս 15-20-ին, դուք չեք պատկերացնում`ինչ ա կատարվում…մեր հովիվը ընդեղ էր, պոստն ընդեղ էր, հիմի մեր հովիվը դի՞րք էր գրավել Ադրբեջանից»: Լրագրողի դիտարկմանը`հիմա հովիվներ չեն եկել, այլ 250 զինված անձինք, Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Ինձ համար իրանք հովիվներ չեն, ոչխար են»:

Նա համամիտ է, որ վեց ամիսը բավարար էր առաջնագծի կահավորման աշխատանքների համար, բայց վստահեցնում է, որ այսօրվա վիճելի դիրքերում աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել, քանի որ մինչ այժմ դեռ բավական շատ ձյան շերտ կա ու հնարավոր չի եղել մոտենալ:

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան`նա հորդորեց իր հետ չվիճել զինվորական գործից, քանի որ լրատվական գործից ինքը լրագրողների հետ չի վիճում. «Ես չեմ ուզում էսօր հայտարարել`ժողովուրդ պատերազմ ա, փախեք: Մենք սաղս պրոբլեմ ունենք էսօր, բայց ես չեմ հուսահատվում, ադրբեջանցին մի օր կուտի իրա մռթին ու ես էլ կենդանի կլինեմ`հիշեք»:

Նա ասաց, որ ԵԿՄ-ում երեկ թիվ մեկ պատրաստության հրաման է տվել, դիմել է ՊՆ-ին, ԳՇ-ին`ասելով, որ անհրաժեշտության դեպքում 3000 մարդ կարող է հանել: Սասուն Միքայելյանն ասաց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը երբեւէ չպետք է բացառել. «Սպարապետին, Վազգենին, որ խփին` էս օրը պիտի գար: Նախորդ իշխանությունները, մեր նախագահները սաղ էլ հասկացել են, որ բանակցային գործընթացով ոչ մի հարց չի լուծվում, պիտի մենք պատրաստ լինեինք… ոչ թե պատրաստվեինք պատերազմի`հարձակվելու կամ չգիտեմ ինչ, այլ գոնե պաշտպանվելու` համապատասխան զինտեխնիկա եւ ուժ ունենայինք, ժամանակակից սպառազինություն գնեինք: Էսօր ես չեմ ուզում ուրիշ բաներ խոսեմ»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ իշխանության օրակարգում ռազմական դրություն մտցնելու հարց չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31