«Տիկի′ն Զոհրաբյան, Զանգեզուրը ՀՀ իշխանությունները չեն հանձնել և չեն հանձնելու, Արցախում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որտեղ ՀՀ-ն ԱՀ-ն այդ պատերազմը պարտվել են: Հետպատերազմյան իրողությունը լրիվ այլ բան է»,-Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արձագանքելով ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Այն հարցին՝ թե ո՞ւր է ՊՆ նախարարը, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Հայտնի ֆիլմ կար՝ երբ թագավորը հարցնում է՝ ո՞ւր է կամանդույուշչին, պատասխանում են՝ կամանդույուշչի կամանդույետ: ՊՆ նախարարը հիմա զբաղված է այն հարցերով, որի համար ինքն այսօր պարտավոր է մշտապես զբաղվել»:
Այնուհետև դիմելով Նաիրա Զոհրաբյանին ասաց. «Ես չէի մտածում, որ Դուք այս երկու օրվա ընթացքում հայտնի լրատվական կառույցներում զետեղված ստերն այստեղ կհնչեցնեք: Որտե՞ղ եք տեսել հիսուն զրահամեքենա Սև լճի շրջանում, ինչո՞ւ եք սուտ ասում: Որտե՞ղ եք լսել, որ կան զոհեր և վիրավորներ»: Նաիրա Զոհրաբյանը տեղից գոչեց՝ ո՞վ է զոհերի և վիրավորների անուն տվել: Անդրանիկ Քոչարյանը հորդորեց խոսել քննարկման թեմայի շրջանակում:
Նա հավաստիացրեց՝ խնդիրների լուծումը գտնվում է Զանգեզուրում, քանի որ այն բզկտում են, դարձրել են քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ. «Զանգեզուրի գործադիր իշխանության ղեկավարները դարձել են ճանապարհ փակող, Զանգեզուրը կտրում են ՀՀ-ից: Այդ տպավորությունը չեք ստանու՞մ: Կարող էր հակառակորդն էլ ուզեր մի բան էլ ինքը կտրեր»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ օր առաջ պետք է մտածել Զանգեզուրում արտակարգ կառավարման մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ