Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ռազմագերիների հարցով ԵԽ-ում նախատեսվում է բանաձեւի ընդունում եւ շատ ավելի կոշտ շեշտադրումներ են լինելու՝ ուղղված Ադրբեջանին, սպասվում են սանկցիաներ». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 14,2021 22:11

Տեղեկություն կա, որ Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ին մեկնարկող լիագումար նիստում քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը, որին ուղղված մեծ ջանքեր են գործադրել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ Հայաստանից տարբեր գործիչներ:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը հաստատեց, որ իսկապես ԵԽ լիագումար նիստում այդ հարցը  քննարկվելու է: Նա ասաց, որ նիստը նախատեսված է մայիսի 17-20-ը եւ մայիսի 20-ի նիստի օրակարգում նախատեսված են քննարկումներ  «Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ» եւ այդ շրջանակներում ներառված է նաեւ հայ ռազմագերիների հարցը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հարցը օրակարգում ներառելու համար Հայաստանից շատ ակտիվ աշխատել եմ ես Եվրոպական կոնսերվատորների խմբակցության հետ, Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական ժողովրդավարների՝ EPP-ի հետ, Դավիթ Շահնազարյանը շատ մեծ աշխատանք է տարել եւ Լեւոն Զուրաբյանը՝ Եվրոպական լիբերալների խմբակցության հետ: Սա տեւական իսկապես լուրջ աշխատանքի արդյունք է: Իհարկե, թե՛ ԵԽ-ն, թե՛ ԵԽԽՎ-ն բազմիցս անդրադարձել են ռազմագերիների խնդրին, բայց ես կարծում եմ, որ ամսի 20-ին նախատեսվում է նաեւ բանաձեւի ընդունում եւ շատ ավելի կոշտ շեշտադրումներ է ունենալու՝ ուղղված Ադրբեջանին հայ ռազմագերիների հարցում»:

Հարցին՝ ընդհանրապես վերջին շրջանում միջազգային կառույցներում կարծես կոշտանում են ռազմագերիների հարցով ճնշումները Ադրբեջանի վրա, հնարավո՞ր է, որ, օրինակ, Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Համաձայն  եմ ձեզ հետ, ես երբեւէ իլյուզիաներ չեմ ունեցել եվրոպական կառույցների հետ կապված, բայց  հատկապես վերջին շրջանում եւ հատկապես հայ ռազմագերիների հարցի հետ կապված իսկապես ես տեսնում եմ միջազգային կառույցներում վճռականություն: Երբ որ Ստրասբուրգում ես հանդիպեցի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության անդամների հետ, որովհետեւ այս պահին ԵԽ նախարարների կոմիտեն նախագահում է Գերմանիան, ակնհայտ էր, որ Եվրոպայի խորհուրդը գործադրելու է իր բոլոր ճնշման լծակները՝ Ադրբեջանի վրա:

Ավելին ասեմ՝ երբ որ ես Եվրոդատարանում քննարկումներ ունեցա հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, ինձ ասացին, որ վերջին  40 տարում նման նախադեպ չի եղել, երբ որ Եվրոպական դատարանը ստիպված լինի դիմել ԵԽ նախարարների կոմիտեին՝ ասելով, որ անդամ երկիրը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, հրաժարվում է Եվրոդատարանին տրամադրել հայ ռազմագերիների իրական թվի վերաբերյալ տեղեկատվություն: Այնպես որ ես ուզում եմ  լավատեսություն ունենալ, որ միջազգային ճնշումն իր արդյունքը տալու է: Կկիրառի՞ ԵԽ-ն Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ՝ օրինակ, մենք տեսնում ենք, որ ԵԽ-ն չի ալարում եւ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով, օրինակ՝ «Նավալնու մազը ծռվեց», «Նավալնին փռշտաց»…այս ծրագրի շրջանակներում պարբերաբար սանկցիաներ է կիրառում ՌԴ-ի  հանդեպ, ձայնի իրավունքից զրկել եւ այլն, իսկ այս  դեպքում մենք գործ ունենք աննախադեպ պատերազմական հանցագործության հետ: Կզրկվի՞ Ադրբեջանը ձայնի իրավունքից  կամ, որպես ամենավերջին սանկցիա, կկասեցվի՞ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ես չեմ կարծում, որ այդ ծայրահեղ սանկցիան՝ կասեցում անդամակցության կլինի, բայց որ սանկցիաներ կլինեն, համենայնդեպս իմ բոլոր քննարկումները վերջին շրջանում եվրոպական կառույցներում ինձ հստակ բերում են այդ համոզման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31