«Տիկին Զոհրաբյան, ես չէի կարծում, որ դուք այս 2 օրվա ընթացքում հայտնի լրատվական կառույցներում զետեղված ստերն այստեղ կհնչեցնեք: Որտե՞ղ եք տեսել 50 զրահամեքենա՝ Սեւ լճի շրջակայքում, ինչի՞ եք սուտ ասում, չկա այդպիսի բան: Որտե՞ղ եք լսել, որ կան զոհեր եւ վիրավորներ,»,- այսօր ԱԺ-ում Սյունիքի իրավիճակի հարցով արտահերթ նիստում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես սկսեց գոռգոռալ՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վրա:
Նաիրա Զոհրաբյանը տեղից փորձեց հակադարձել, բայց Անդրանիկ Քոչարյանն է՛լ ավելի բարձրացրեց ձայնը:
Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ ձեզ ԱԺ ամբիոնից մեղադրեցին, որ կրկնում եք հայտնի ԶԼՄ-ների ստերը, ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Գիտեք, ես ապշած եմ, ինչպե՞ս կարող է հասուն տղամարդը, ԱԺ-ում կարեւորագույն հանձնաժողովներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը լինի անամոթ ստախոս եւ մանիպուլյատոր: Կարող եք լսել իմ ելույթը, որեւէ զոհի կամ վիրավորի մասին խոսք չի եղել: Հենց այն պահին, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հատել են Հայաստանի պետական սահմանը եւ մամուլի որոշ միջոցներում եղել է տեղեկատվություն վիրավորների մասին, ես անմիջապես կապվել եմ Սյունիքի համայնքապետերի հետ եւ իրենք հերքել են վիրավորների եւ զոհերի մասին տեղեկատվությունը:
Բնականաբար, իմ ելույթում որեւէ բառ վիրավորների ու զոհերի մասին չկա: Անհարմար է, ես ամաչում եմ այդ մարդու կուսակիցների փոխարեն, որ ԱԺ ամբիոնից հնչում է նման սուտ, դեմագոգ եւ անամոթ ապատեղեկատվություն: Իմ հարցադրումները եղել են հստակ՝ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ԶՈՒ 250 թվով ներկայացուցիչ կարողացան անարգել, ճեմելով հատել Հայաստանի պետական սահմանը Սյունիքում, Գեղարքունիքում: Չկարողանալով տալ այս հարցերի ադեկվատ պատասխանները, քոչարյանատիպ երեւույթներն անցնում են դեմագոգիային եւ ստին: Ես զարհուրած եմ, ինչպե՞ս կարող է հասուն տղամարդը լինել ստախոս, դեմագոգ եւ մանիպուլյատոր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ