Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ տեղերում ադրբեջանցիները դուրս են եկել, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում շարունակվում է». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում

Մայիս 14,2021 20:20

«Այսօր արձանագրվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն էլ այս տարածքը ՀՀ տարածք է: Սա նշանակում է, որ դա ՀԱՊԿ տարածք է, հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի  ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց՝ այսօր բանակցությունները դադարեցվել են. կշարունակվեն վաղը՝ ժամը 15.00-ին:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ այսօր բանակցություններին միացել են նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները: Նրանց և մեր քարտեզները համընկնում են, և նրանց քարտեզներն էլ հավաստում են կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները:

Պարզաբանելով այն հարցը, թե ինչու է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածի համաձայն, այլ ոչ թե 4-րդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երեկ մենք դիմել ենք ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածին: Այդ հոդվածը վերաբերում է սպառնալիքին, որ կարող է լինել տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք ասել ենք, որ մեր գործընկերներին պետք է ներկայացնենք հիմնավորումներ, որ դա հատկապես մեր տարածքն է: Դա հիմնավորվել է, նշանակում է, որ արդեն իրավիճակը կարող է մեկնաբանվել նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով»:

Խոսելով իր և Վլադիմիր Պուտինի դիրքորոշումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն  ասաց՝ դրանք նույնական են և մանրամասնեց. «ՌԴ նախագահն ասել է, որ ինքն էլ կարծում է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին: Եվ ավելի կարևոր մի մաս. ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ պետք է կատարեն այդ գործողությունը՝ հեռանան սահմանից անդին: Մինչև այժմ այդ պայմանավորվածությունը մասամբ կատարվել է. կան տեղեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լքել են ՀՀ սահմանը, բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, այսօր նաև նամակով դիմել եմ ՌԴ նախագահին: Երեկ չդիմելու պատճառն այն էր, որ արձանագրվել էր ամենաբարձր մակարդակով, որ դուրսբերում պիտի լինի: Համենայն դեպս, այսօրվա ընթացքում պայմանավորվածությունը լիարեք չի կատարվել, դրա համար դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997-ի պայմանագրի, որ ՌԴ-ն այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում ու նշեց. «Սա լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի լեռան կամ մի կոորդիանատի վերաբերյալ: Սա ապացուցող հիմնավորումներ կան»: Նա օրինակ բերեց այն, որ ադրբեջանական սադրանքի օրը Ադրբեջանը հայտարարեց 15 հազար զինծառայողներով լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին»:

Նշենք, որ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին չէր հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստին: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրել էր որ հրավեր են ուղարկել ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք պատասխանատու են այս հարցով: Սակայն նիստին ներկա է միայն ՀՀ ԱԳՆ փոխնախարարը:

Խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Մենք սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացին պատրաստ ենք: Հիմա մենք նման անհրաժեշտության առաջ կանգնած ենք, որ տեղանքում տեսնենք՝ մեր սահմանը որտեղով է անցնում և ինչ կետեր կան, և ով ինչ կետեր կարող է զբաղեցնել: Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը և ԶՈՒ ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր: Մենք պատրաստ ենք նման լուծման: Կլինի սահմանի, սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, և երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, ինչը կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղական իրավիճակ»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց այս իրավիճակում ավելորդ կրքեր չբորբոքել, քանի որ բավականին նուրբ իրավիճակում ենք գտնվում, նաև զերծ մնալ քաղաքական շահարկումներից: Ամփոփելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր իրավիճակն այն է, որ որոշ տեղերում դուրս են եկել ադրբեջանցիները, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում շարունակվում է բոլոր այդ վայրերում: Մեծամասշտաբ սադրանք է պլանավորվել, մինչև այս պահը մեր գործողությունները ճիշտ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31