«Մեր նախաձեռնությունը հայ կնոջը, մայրերին է ուղղված: Ցանկանում ենք, որ հայ մայրերը չնստեն տներում, չսպասեն, թե վաղն ինչ է լինելու՝ կամ գույժ ստանան, կամ լավ լուր: Հայ կինը պետք է ոտքի կանգնի ու լինի այն մայրերի կողքին, որոնք անհետ կորած, գերեվարված տղաներ ունեն»,- այսօր այս կոչով կառավարության մոտ բողոքի ցույց էին անում «Մայրիկ» շարժման անդամները: Նրանք հայ գերիներին իրենց մայրերին շուտափույթ վերադարձնելու պահանջով նամակ էին գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով, որը փոխանցեցին կառավարություն, բայց հիմնական ուղերձն ավելի շատ հանրությանն էր ուղղված:
«Մենք պահանջում ենք բոլորից, հայ ազգից ենք պահանջում: Վերջերս 19 հայ զինվորի գույժ եկավ թշնամական երկրից, մենք գիտենք, որ մեր տղաները գազանի ձեռքում են, ինչպե՞ս կարող ենք հանգիստ նստել եւ սպասել՝ մանավանդ, երբ ապավինում ենք արտաքին ուժերին: Բա մեր պետությունը: Բա մենք ինչի՞ ենք պետություն կառուցել, երբ կենսական, կյանքերի խնդիրներ ունենք: Երբ պատկերացնում եմ՝ մեր հայ գերիները կեղեքվում են Ադրբեջանում, ես չեմ կարող հանգիստ խոսել: Պետք է անհապաղ լուծում տան՝ ցանկացած տարբերակով, նույնիսկ փրկագին թող տան: Եթե իրենք չեն կարողանում անեն, պարտավոր են օր առաջ վայր դնել մանդատը»,- ասաց «Մայրիկ» շարժման համակարգող Էլիզա Առաքելյանը, որը եկել էր ցույցի՝ իր 2,5-ամյա փոքրիկ երեխային գրկին քնած:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ կարծում եք, որ անտարբերությո՞ւն կա՝ նա պատասխանեց. «Չենք կարծում, մենք տեսնում ենք, որ անտարբերություն կա: Մեր երկիրն աղետ է ապրել: Ամեն ինչից զատ, բոլոր քաղաքական երեւույթներից զատ՝ վերքաղաքական է հայ զինվորի կյանքը: Մենք դատապարտում ենք, որ այս խնդիրը դառնում է քաղաքական շահարկումների թեմա: Մենք սրտի ցավով ենք հետեւում այդ անտարբերությանը: Մենք չենք հասկանում՝ ինչպե՞ս կարող է մյուս մայրը տանը նստել, երբ իր հարեւանությամբ՝ պատի այն կողմում մեկ այլ մայր հոգեխանգարմունքի է հասնում, երբ իր որդին արդեն 6 ամիս է՝ չկա: Այդ մայրերին անընդհատ հետեւում են, որ իրենց վնաս չտան, անընդհատ հանգստացնող, հոգեմետ դեղեր են ընդունում նրանք, որ չգժվեն այդ ցավից: Ու սրա ֆոնին մենք ունենք հանրություն, որը շատ հանգիստ արթնանում է, գնում է տուն: Հանրությունը հասկացանք, բա մայրե՞րը: 19 սպանված գերիների մասին գույժը պետք է հիմա այս հրապարակը եւ առհասարակ բոլոր հրապարակները լցրած լիներ հայ մայրերով: Այն, որ դա տեղի չի ունենում, արդեն իսկ մեծ վտանգ է մեր երկրի համար»:
Էլիզա Առաքելյանն ասաց, որ իրենց չի բավարարում ֆեյսբուքյան սրտաճմլիկ գրառումները, իշխանականների խոստումները, թե «ջանք ու եռանդ չենք խնայում». «Բա արդյո՞ւնքը»:
Դիտարկմանը՝ ասում են՝ այդ հարցի լուծումը մեր ձեռքում չէ, Ալիեւն է որոշում՝ Առաքելյանն արձագանքեց. «Գնացեք: Թող գա մեկը, ում ձեռքում կլինեն այդ հարցը լուծելու բանալիները»:
Հարցին՝ կա՞ քաղաքական դաշտում մեկը, ով կարող է ազդեցություն գործել Ալիեւի վրա՝ նա պատասխանեց. «Ալիեւի վրա պետք չի ազդեցություն գործել: Ընդամենը օրինական դաշտում պետք է քո երկրի շահը պաշտպանես: Ինձ հետաքրքիր չի Ալիեւի վրա ով ինչ ազդեցություն կգործի: Մենք պետություն ենք, նույնիսկ ամսի 9-ի ստորագրված փաստաթղթով կետ կա, որ պետք է վերադարձվեին բոլոր գերիները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ