ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը մայիսի 15-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը:
Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը: Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաև ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը:
Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական և կրթական ընդհանրությունները: Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման և կիբերանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը և ներկայացրել իրենց երկրի մոդելը:
Իրաքյան Քուրդիստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը գտնվում է մշակման փուլում:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն