ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ելույթից հետո ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց՝ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծում ոչ մի բառ չկա մեր ռազմավարական գործընկերոջ ստանձնած պարտավորությունների մասին: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը երրորդ օրն է շարունակում է պահպանել անհասկանալի լռությունը, մինչդեռ Ադրբեջանը թքած ունենալով՝ ՀԱՊԿ-ին պատկանող գոտի համարվող Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություն է իրականացնում:
Արման Աբովյանն արձագանքեց. «Ընթանում են միջպետական գործընթացներ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև: Ուստի ես նպատակահարմար չեմ համարում անընդհատ սևեռվել: Հիշեցնեմ՝ թե Սյունիքում, թե այլ վայրերում հիմա կանգնած են ոչ թե ֆրանսիացի և ամերիկացի զորքեր, այլ մեր ռազմավարական եղբայր պետության զինվորները: Դա ամենակարևոր հանգամանքն է, որը զսպում է ագրեսորին: Համոզված եմ, որ ռուս գործընկերները կանեն ամեն ինչ, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից»:
Արման Բաբաջանյանը ի պատասխան հարցրեց՝ հիմա որ երեք կիլոմետր այդ հատվածից առաջ են եկել, կարող էին ո՞ւր գալ հասնել, եթե ռուսներն այնտեղ կանգնած են, էլ ի՞նչ պիտի լինի, որ որոշակի վերաբերմունք հայտնենք այս անպատասխանատվության վերաբերյալ, մանավանդ՝ կա համոզում, որ առանց ՌԴ-ի թողտվության Ադրբեջանը չէր կարող դիմել նման արկածախնդրության: Ռուսաստանը այս ամենում մասնակցություն ունի՞, թե ոչ:
Արման Աբովյանն արձագանքեց՝ իր համար զարմանալի է, որ հակահայկական շրջանակների փաստարկները բերվում են որպես օրինակ: Այնուհետև հարցրեց. «Եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն կգային: Եկեք այս տեսանկյունից նայենք: Այսօր հակառուսական տրամադրություններ գեներացնելը վտանգում է ՀՀ-ին: Մեր ռազմավարական գործընկերոջ հանդեպ նման վերաբերմունք տարածողները բացառապես աշխատում են թուրքերի օգտին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ