Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վահե Գասպարյան․ «Սա նշանակում է, որ Պուտինն ասում է՝ եթե միջանցքը կամովին չհանձնեք, կլինի նոր առաջխաղացում, կլինեն նաեւ կրակոցներ»

Մայիս 14,2021 19:07

Ազգային-ժողովրդավարական բեւեռն այսօր Ազատության հրապարակում ժամը 19:00-ին հանրահավաք է անցկացնելու։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն այսօր հայտարարեց․«Եթե այստեղ հավաքվի 7,10, 15 հազար մարդ․ ես հավատացնում եմ, հաշված ժամերի ընթացքում կլուծենք Սյունիքի հարցն՝ առանց կրակոցի եւ կստիպենք այդ սրիկաներին նահանջել եւ լքել Հայաստանի սուվերեն տարածքը, եւ այդ պահից սկսած կկերտենք մեր ինքնիշխան ապագան։ Ամոթ նրան, ով այսօր այստեղ չլինի»։

Անդրադառնալով այս օրերին ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի մարզում առաջխաղացման՝ Սեւ լճի տարածքը շրջափակելու մասին, պարոն Գասպարյանն ասաց որ թշնամին սկսել է իրագործել Սյունիքի օպերացիան, ինչի մասին իրենք բազմիցս զգուշացրել են․ «Երբ մենք ասում էինք որ պատրաստում են Արցախի աբխազացում, մեզ քարկոծում էին, ասում էինք՝ կա մշակված պլան, որը վաղ, թե՝ ուշ պիտի իրագործվի, եւ եթե այն չիրագործվեց ապրիլյան պատերազմից հետո 2016 -ին Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ, եւ նրանք շարունակելու են իրենց պլանը, մեզ չէին հավատում։ Հիմա ասում ենք՝ Արցախի օպերացիան, ինչպես այն բնորոշել է Շոյգուն, ավարտելուց հետո Լավրովի հաջորդ կետին են անցել, եւ սկսել են Սյունիքի օպերացիայի իրագործումը։ Ռուսաստանը երկու հենակետ էր տեղադրել Սյունիքում, վարչապետի աթոռը զբաղեցնող այս մարդը մեզ համոզում էր, որ Սյունիքն անվտանգ է, ռուսական զորքն այնտեղ է, կատարվում են աշխատանքներ եւ այլն, տեսանք, որ փուչիկ էր, եւ ռուսների քթի տակ եւ նրանց լուռ համաձայնության ներքո ադրբեջանցիները երեք -չորս կիլոմետր առաջ շարժվեցին, շրջապատեցին Սեւ լիճն ու վերցրին իրենց վերահսկողության տակ»։

Վահե Գասպարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի խամաճիկն է․ «Որեւէ մեկը չի կասկածում, որ նա գործակալ է, երեք տարի երկիրը տարավ պարտության ու շարունակում է տանել։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է՝ ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, իսկ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հայտարարության մեջ դրա մասին խոսք չկա։ Փոխարենը նա զանգում է իր տիրոջը՝ Պուտինին, խոսում են թե բանակցությունների միջոցով պետք է կարգավորել, երբ թշնամին քո տարածքում է, նրանք խոսում են եռակողմ հայտարարության կետերի կատարման մասին։ Սա նշանակում է, որ Պուտինն ասում է՝ եթե միջանցքը կամովին չհանձնեք, կլինի նոր առաջխաղացում, կլինեն նաեւ կրակոցներ, ռազմական ագրեսիա, սա ռուս-թուրքական շանտաժ է, հերթական ագրեսիան»։

Պարոն Գասպարյանը հիշեցրեց, որ եվրոպական մի շարք պաշտոնյաների երեկվա հայտարարությունները․«Մենենդեսը հայտարարել է՝ Թրամփի վարչակազմի ժամանակ մենք մի կողմ քաշվեցինք, եւ թույլ տվեցինք ՌԴ, Ադրբեջան ու Թուրքիա, այս երեք բռնապետերը որոշեն հայ ժողովրդի բախտը, ինչը անթույլատրելի է Բայդենի ադմինիստրացիայի օրոք։ Տեսեք, մեկ օրում քանի երկիր է արձագանքել, ովքեր են ձեռք մեկնում ՀՀ-ին, եւ տեսեք որքան պասիվ են ռուսները։ Լավրովը եկել էր վերջին զգուշացումներն անելու համար,նա արեց հայտարարություն, թե՝ Արցախի հարցին քաղաքական լուծում չի լինելու, կարգավիճակի մասին մոռացեք, հայերը կամովին պիտի ապաշրջափակեն ենթակառուցվածքները, եւ պատահական չէր այցի օրերին Ալիեւի հոխորտանքը։ Սա հստակ իրար հետ համաձայնեցված ռուս-ադրբեջանա-թուրքական ագրեսիան է, որ շարունակվում է հարյուր տարի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31