Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանում որոշում է ընդունվել զինված ներխուժումը չեզոքացնել քաղաքական դիվանագիտական ճանապարհներով՝ կազմակերպելով միջազգային ճնշում Ադրբեջանի վրա»

Մայիս 14,2021 18:45

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Սյունիքում ծավալված իրադարձությունները որակելով որպես ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք՝ ասաց. «Դա ագրեսիայի ակտ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ընդ որում, ես սա ասում եմ որպես նաեւ տեղի ունեցածի միջազգային իրավական գնահատական: Սրա հետ կապված՝ Հայաստանի Հանրապետությունը հարց է բարձրացրել ոչ միայն ՀԱՊԿ-ում: Նաեւ գիտենք, որ մեր պետության մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում  է հարց բարձրացրել: Բացի դրանից տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի եւ մի շարք պետությունների ղեկավարների միջեւ հեռախոսային խոսակցություններ, գերակտիվ ձեւով աշխատել է արտգործնախարարությունը, ինչի մասին տեղեկանում ենք հաղորդագրություններից: Նաեւ տեղյակ ենք, որ ընթանում են բանակցություններ ռուսական կողմի մասնակցությամբ:

Ես չգիտեմ՝ սա պետք է միջնորդություն համարել, թե մասնակցություն: Բոլոր դեպքերում եռակողմ ձեւաչափում են այս հանդիպումները տեղի ունենում, որպեսզի հարցին տրվի խաղաղ դիվանագիտական լուծում: Այսինքն, ներկայիս դրությամբ Հայաստանում որոշում է ընդունվել այդ զինված ներխուժումը չեզոքացնել քաղաքական դիվանագիտական ճանապարհներով՝ կազմակերպելով միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, որը կպարտադրի ադրբեջանական ղեկավարությանը՝ հետ քաշել զորքերը ելման դիրքեր: Ինչ զարգացում կստանան իրադարձությունները, կապրենք՝ կտեսնենք, բայց ես ավելի հավանական եմ համարում, որ այս ընտրված ճանապարհը, այնուամենայնիվ, կլինի արդյունավետ, եւ Ադրբեջանն ուղղակի ստիպված դուրս կբերի իր ուժերը ելման դիրքեր»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե լրատվամիջոցներին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ, մինչդեռ, ապատեղեկատվությունը գալիս է այն ժամանակ, երբ պետությունը չի կատարում հանրությանը ժամանակին ճշմարիտ լրատվություն փոխանցելու իր անմիջական պարտականությունը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Շատ կարեւոր եւ ցավոտ հարց եք տալիս: Գործ ունենք հետեւյալ իրողությունների հետ: Առաջին, մեր պետական մարմինները, այդ թվում՝ ՊՆ-ն, պատշաճ կերպով կոմունիկացիան հանրության հետ չեն պահում: Եվ այդ կոմունիկացիոն խզումները ստեղծում են ինֆորմացիոն վակուում, որը հաճախ լցվում է թունավոր դեզինֆորմացիոն աղբով, իսկ որոշ դեպքերում՝ շատ վտանգավոր աղբով: Եվ երբ ուշացած ձեւով, երբեմն՝ դոզավորված ձեւով գալիս է պաշտոնական տեղեկատվությունը, շատ դեպքերում արդեն  այդ տեղեկատվությանը մարդիկ սկսում են ինչ-որ վերապահումներով վերաբերվել:  21-րդ դարում մենք ապրում ենք տեղեկատվական եւ հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխության պայմաններում: Այնպես որ, այդ ձեւով աշխատելը անաքրոնիզմ է եւ որեւէ քննադատության չի դիմանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31