«Որեւէ մեկը չի կարող հստակ թիվ նշել,թե որքան հայ է ապրում Իսրայելում կամ Պաղեստինում: Մենք ունենք մոտավոր թվեր: Մոտ 3000 հայ ապրում է Երուսաղեմում` հայկական թաղամասում եւ կից թաղամասերում, իսկ Պաղեստինում ունենք շուրջ 1000 հայ»,-ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ.Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Հայր սուրբի եւ Իսրայելում հավատարմագրված լրագրող, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ կապ էր հաստատել «Մեդիա կենտրոնը»: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետն ասաց, որ հայկական համայնք կա նաեւ Հայֆայում: Նրա խոսքով, Իսրայելի կենտրոնական հատվածում ապրող հայերի թիվը հստակ չէ, եւ իր ենթադրությամբ մոտ 10000-ի է հասնում:
Իսրայելում հավատարմագրված լրագրող, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի Նաիրի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի ձեւակերպմամբ, իսրայելապաղեստինյան հակամարտության պատճառով հայերի թիվն անընդհատ նոսրանում է: Նա հավելեց, որ Երուսաղեմի հայկական միաբանության տղաները պահպանում են հայկական սահմանները: Արտյոմ Չերնամորյանը տեղեկացրեց, որ արդեն 5-րդ օրն է երեխաները շորերով են քնում, եւ երկրի կենտրոնն ու հարավային շրջանները անընդհատ ենթարկվում են հրթիռահարումների. «Այս պահի դրությամբ ավելի քան 2000 հրթիռ է բաց թողնվել Գազայի կողմից` Իսրայելի տարածքների վրա»:
Հավելեց, որ այն քաղաքներում, որոնք տուժել են ռմբահարումից, հայերը եւս օրվա մեծ մասն անցկացնում են ռմբապաստարաններում: Անդրադառնալով Իսրայելի կենտրոնական մասում գտնվող Պետախ Տիկվա քաղաքին, լրագրողն ասաց, որ այնտեղ հայկական դպրոց կա, Իսրայելում կառուցված միակ հայկական հուշարձանը հրեական հողի վրա: «Մենք ունենք հատուկ ինտերնետային ծրագիր, որով ստանում ենք ահազանգը, եւ տարբեր քաղաքներում մարդիկ տարբեր ժամանակահատվածում են ռմբապաստարան իջնում կամ հավաքվում հատուկ պահպանված սենյակներում: Օրինակ, Պետախ Տիկվայում 1 րոպե 45 վայրկյան ժամանակ ունես ռմբապաստարան իջնելու համար, իսկ ինչքան մոտենում ես Գազայի գոտուն, ժամանակն ավելի պակասում է… Իրավիճակը լարված է, միակ դրական բանն այն է, որ այս պահի դրությամբ որեւէ վիրավոր հայ չկա, որեւէ մեկը չի տուժել, բայց ոչ մեկս ապահովագրված չենք, հրթիռները չեն հարցնում ազգություն, Իսրայելի բոլոր քաղաքացիների նման մենք եւս վտանգված ենք»,-ասաց Արտյոմ Չերնամորյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ