Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ուրբաթ մայիսի 14-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սեւ լճի շուրջ ընթացող բանակցություններին՝ մասնավորապես նշեց, որ դրանք շարունակվում են։
Ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում են ԳՇ պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներն ու նաեւ ռուսական կողմի ներկայացուցիչները։
Պատգամավորը բացառեց հնարավոր դիրքային փոխզիջումային տարբերակը՝ նշելով, որ բանակցությունները միայն Սեւ լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժը մուտք է գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, եւ հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,– ասաց նա՝ չցանկացավ պատասխանել հարցին, թե այդ տարածքում ինչո՞ւ հենակետեր չկային տեղակայված։
Ինչ վերաբերում է չեզոք գոտիներ սաhմանելուն, ապա Արմեն Խաչատրյանի խոսքով, չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջեւ հրադադար պահպանելու համար։
Կարդացեք նաև
«Բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաեւ Ադրբեջանի տարածքի հաշվին»,–ասաց նա։
Անդրադառնալով սահմանները պատշաճ կահավորելու հարցին՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նման մեծ ծավալի սահման «ձմեռային պայմաններում հնարավոր չէր իրականացնել»։
«Եթե բանակցային գործընթացն արդյունք չտա, մեր պատկան մարմինները այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից»,–վերջում ասաց Սյունիքից ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավորը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ