Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Եթե հող կորցրինք, իսկ մենք արդեն հող կորցրել ենք, ուրեմն արժանի ենք սրանց, եթե պետականություն կորցնենք, ուրեմն արժանի ենք այս իշխանությանը»

Մայիս 14,2021 17:05

«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսելով Հայաստան-Արցախ-Սյունիք իրավական սահմանների, իրադարձությունների զարգացման մասին՝ ասաց. «Խոսքը սկզբունքային դիրքորոշման, իրավական մատուցման մասին է, եւ պետք է ասել, որ մեր քաղաքական ղեկավարության, իշխանությունների խոսքում այդ բառը բացակայում է: Իրավական մոտեցման մասին խոսք ընդհանրապես չկա: Բացատրությունները տարբեր կարող են լինել: Դրանցից մեկն այն է, որ նրանք չեն տիրապետում նյութին: Մյուսը՝ եթե դա դիտավորյալ, մտածված բան է, ապա դա ավելի վատ բացատրություն է: Կամ կա մեկ այլ հնարավոր տարբերակ, որ ժամանակակից աշխարհում այս կարգի հակամարտությունները, որոնք հայտնվում են խոշոր տերությունների, գլոբալ ուժային կենտրոնների շահերի բախման կետում, իրավական լուծում իբրեւ թե չեն ստանում եւ լուծումներն ավելի շուտ բխում են այդ ուժային կենտրոնների կամ խոշոր տերությունների համաձայնություններից: Բայց պետք է հայտարարեմ, որ մեր իրավունքի լռության մատնելը ոչ մի արդարացում չունի: Ինչպիսին էլ լինեն իրողությունները, այս ու այն կողմից հնչող տեսակետները, թե իրավունքը ոչ մի բան չի նշանակում, թե դիվանագիտությունն ինքը ուժ չէ, դա ամենեւին էլ չի նշանակում, թե ամեն ինչ որոշում են տանկերը:

Իմ դիվանագետ ընկերներից մեկը ասում էր, թե մեծ դիվանագիտությունը պետք է փոքր ազգերին: Բայց իմ տպավորություն այն է, որ մենք մեծ դիվանագիտություն չենք ստանում այն պայմաններում, որում ապրում ենք: Փոքրիկ Արցախով անցնում են աշխարհի քաղաքական բոլոր միջօրէականները, իսկ նոր իշխանությունների քայլերը արկածախնդրային են: Այսինքն, չի կարելի այնպես պահել, որ քո ռազմավարական դաշնակիցը քեզ ընկալի, որպես ոչ այնքան բարեկամ: Ու չնայած այսօր արդեն «համեստացած» մեր ղեկավարները գնացել են Պուտինի ոտքը, ինքը դեռ չի վստահում:

Արդեն 30 տարի ես զբաղվում եմ ղարաբաղյան հակամարտության խնդիրներով եւ եկել եմ եզրակացության, որ այլ ուժային կենտրոնների համար Անդրկովկասը աշխարհաքաղաքական խաղերի դաշտ է, Ռուսաստանի համար՝ կենսական շահերի: Եվ մենք պետք է սա հաշվի առնենք: Մեր իշխանությունները պետք է սթափվեն վերջապես: Եթե մենք հող կորցրինք, իսկ մենք արդեն հող կորցրել ենք, ուրեմն արժանի ենք սրանց: Եթե մենք պետականություն կորցնենք, ուրեմն արժանի ենք այս իշխանությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31