Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե թշնամին մի քայլ էլ առաջ անի՝ դիմելու ենք շատ լուրջ քայլերի. Վարդենիս համայնքի ղեկավար

Մայիս 14,2021 16:53

«Զբաղված եմ, հիմա էստեղ տեխնիկա է աշխատում, այդ հարցերով եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Հարցին՝ ի՞նչ նոր տեղեկություն կա իրավիճակից, հակառակորդի 300–ից 400 մետր առաջխաղացումն արդյոք կանխվել է, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ ոնց երեկ եղել է, այդպես էլ կա, նույն տեղում են:

Պարոն Երանոսյանը News.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ եւս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել: Չնայած սրան, երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստին շտապելիս, լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ ադրբեջանցիներն առաջ չեն եկել, պարզապես սահմանների ճշգրտում է տեղի ունենում, որը չէր կատարվել նոյեմբեր-դեկտեմբերին՝ եղանակային պայմանների ու բարդ ռելիեֆի պատճառով:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց, որ հակառակորդի առաջխաղացումը օրվա երկրորդ կեսին է եղել: Նրա խոսքով, Հայաստանի սահմանները պաշտպանված են մեր սահմանապահների կողմից եւ այժմ բավականին լավ վերահսկողություն կա: Նրա խոսքով, մեր սահմանապահները մեկ առ մեկ գիտեն՝ քանի հոգի են հատել ՀՀ սահմանը. «Խնդիրն այստեղ ուրիշ տեղ է: Քանի որ հրադադար է, այդ մարդկանց արգելելու որեւէ ձեւ չկա, երբ տեսանք, որ ադրբեջանցին տեղակայվել է մեր հողի մեջ՝ հասկացանք որեւէ հրաման չկա՝ ոնց կանգնեցնեն այդ մարդկանց: Ընդամենը խոսելով մի փոքր առաջ են անցել, դեպի հայկական սահման»:

Համայնքի ղեկավարի տեղեկություններով ադրբեջանցիները փոքրաթիվ՝ 20 հոգուց բաղկացած խմբերով են: Ասաց նաեւ, որ առաջխաղացումից հետո մի քանի կիլոմետր հեռու են Վերին Շորժա բնակավայրից, սակայն մի քանի հարյուր մետր է հեռավորությունն այն բնակավայրերից, որտեղ ամռանը տարածաշրջանի բնակիչները սար են բարձրանում:

Ըստ Արամ Մելքոնյանի, երեկ ցերեկվանից 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության, մարզպետի եւ տարածաշրջանի հրամանատարների հետ եկել են այն եզրակացության, որ եթե, թշնամին մի քայլ էլ առաջ անի՝ դիմելու են շատ լուրջ քայլերի. «Երեկ օրվա երկրորդ կեսին բանակային կորպուսի հետ ամբողջ համայնքի շինարարական տեխնիկայով, մեր միջոցներով ամրացնում ենք մեր դիրքերը: Եթե թշնամու կողմից նորից կրկնվեց շատ լուրջ հակահարված կստանան: Օրվա երկրորդ կեսից մեր ուժերը եռապատկվել են, որպեսզի բնակիչները հանգիստ լինեն»:

Վարդենիս համայնքի ղեկավարի կարծիքով, թշնամու նման քայլը պարզապես սադրանք է, որպեսզի գնան բախումների. «Կարծում եմ չպետք է տրվենք սադրանքներին: Մենք հասկանում ենք, որ հիմա բախումներ պետք չեն մեր երկրին, տարածաշրջանին առավել եւս, դրա համար ամեն ինչը հանգիստ ձեւով է արվում, բայց, երբ այսուհետ նրանց կողմից որեւէ անկանոն քայլ լինի, կստանան բավականին լուրջ պատասխան»:

Հիշեցնենք, որ երեկ երկու օր առաջ էլ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում էր հակառակորդը առաջխաղացում ունեցել՝ 3,5 կիլոմետր խախտելով Հայաստանի պետական սահմանը:

Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Արամ Մելքոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31