Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովն ակնկալում է, որ ՀԱՊԿ բանակցային ներուժը արդյունավետ կերպով կօգտագործվի Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցում: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:
«Ընդգծեմ, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և իր խոսքերն ապացուցել է գործով), որ մեր խնդիրն է լուծել հակամարտությունը մեր հարևանների միջև հենց խաղաղ ճանապարհով: Խաղաղ երկխոսության առաջընթացին մենք փորձել ենք ներգրավել նաև միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ը: Հույս ունեմ, որ տվյալ կազմակերպության բանակցային ներուժը այս իրավիճակում էլ արդյունավետ կաշխատի»,- ասել է Բոնդարյովը:
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը թույլ չի տա սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Սյունիքում տեղի ունեցած միջադեպն էլ նա բացատրել է նրանով, որ «դեռ վերջերս պատերազմող երկու պետությունների հարաբերությունները առայժմ լիարժեք կարգավորված չեն»:
«Կարևորը, որ նման միջադեպերը չկրկնվեն, չունենան շարունակություն, լուծվեն խաղաղ ճանապարհով և ամենակարճ ժամկետերում (զորքերի հետքաշմամբ), որպեսզի կրակի դադարեցման ռեժիմը անխափան պահպանվի: Նման սադրանքները պետք է կանխել: Եվ սա արդեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական հարց է»,- ասել է Բոնդարյովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ