«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է: Ադրբեջանական կողմը հատել է հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում Սյունիքի դեպքերի հետ կապված ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, երկու ուղղությամբ պետք է քայլ անեինք. «Առաջինն այն է, որ հենց սկզբում հատելու ժամանակ փորձ արվեր կանխել եւ հարված հասցնել: Դա առաջին տարբերակն էր: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք այնտեղ եկել տեղակայվել են, նոր են հայտնաբերվել, որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որը, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված ու ոչ բոլոր տեղերում կան սահմանապահ զորքեր: Հայտնաբերվելուց հետո սկսել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ: Սակայն այս պահին եղած միջոցները, որ կիրառվում են, ճիշտ են: Եթե այդպես է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Բայց հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի: Շատ ճիշտ քայլ էր ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետեւ անդամ պետության սահմանում հասունանում է նոր էսկալացիա»:
Մարուքյանը հավելեց, որ սա որեւէ ձեւով չպետք է օգտագործել ներքաղաքական նպատակներով, որովհետեւ սա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, բոլորը պետք է մի մարդու պես կանգնեն ու եթե բանակցելու գործ է՝ բանակցեն, եթե կռվելու գործ է՝ կռվեն. «Ադրբեջանը որեւէ ձեւով չի հանդարտվելու, եթե տեսավ, որ սա հանդուրժվեց մեր կողմից, թե ՀԱՊԿ-ի կողմից»:
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի, սա Խծաբերդի դեպքը չի ու եթե տեղի տան, անընդհատ Ադրբեջանը ինչ-որ քարտեզ կբերի ու կասի՝ սա էլ է մերը. «Բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի, մենք էլ կարող ենք գնանք ու կանգնենք: Բայց երբ հայկական կողմը իրեն պահում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին համահունչ, սա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է գնա նոր սադրանքների»:
Հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմել են 2-րդ հոդվածով, որ կա սպառնալիք, ինչո՞ւ՝ Մարուքյանը պատասխանեց, որ չգիտի, բայց ուսումնասիրելով փաստաթուղթը՝ եկել է այն եզրակացության, որ հայկական կողմը չի ուզում միանգամից բոլոր փամփուշտներով կրակել, որ պետք լինի՝ «4-րդ փամփուշտով» էլ կկրակի, բայց դեռեւս մենք ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում. «Բանակցվում է, որ ադրբեջանական զինված ուժերի խմբավորումը հետ քաշվի՝ դեպի նախնական դիրք: Ռազմական դրություն հայտարարելու իրավունք ունի կառավարությունը, բայց ես հիմա նման տեղեկություն չունեմ: Քանի դեռ հնարավոր է խաղաղ հանգուցալուծում, չեմ կարծում, որ պետք է ռազմական դրություն հայտարարել, ինչից հետո ԿԸՀ գրաֆիկը կչեղարկվի»:
Հարցին՝ ստացվում է, որ 2 օր բանակցություններ են ընթանում ու արդյունք չկա, նրանց թիվն էլ մեծանում է, ինչո՞ւ է հույսը դրվում բանակցությունների վրա, այն դեպքում, երբ Գեղարքունիքում են արդեն հայտնվել՝ Մարուքյանը պատասխանեց. «Ցանկացած սցենար կարող է լինել: Կարող է հենց հիմա բոլորը հետ քաշվեն եւ ամեն ինչ ավարտվի: Կարող է հետ չքաշվեն եւ դա վերածվի նոր կոնֆլիկտի: Ամեն ինչ հնարավոր է: Մի բան ակնհայտ է, որ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել, որ խաղաղ այս ճգնաժամը հանգուցալուծվի: Կա հեռախոսազրույց նախագահ Մակրոնի հետ, նախագահ Պուտինի հետ, կա ՀԱՊԿ-ի հայտարարությունը, կա արտգործնախարարների շփումը, խորհրդարանական դիվանագիտության մակարդակում էլ մեծ աշխատանք է տարվում: Բայց որեւէ սցենար չպետք է բացառել, բոլոր սցենարները սեղանի վրա պետք է դրվեն»:
Հարցին՝ Խծաբերդի հատվածում ունենք գերիներ, Ադրբեջանը չվարանեց, որ նրանց կարող է դիտարկել որպես ահաբեկիչ ու գերի տանել, իսկ հայկական կողմի՝ այս սցենարով գնալը լավագույն լուծո՞ւմ եք դիտարկում՝ Մարուքյանը պատասխանեց. «Խաղաղ բանակցություններով հանգուցալուծելու սցենարը եթե լավագույն լուծումը չէ, ապա հաջորդ լուծումը պատերազմի սցենարն է: Այսինքն, դուք հիմա ի՞նչ եք առաջարկում՝ առանց բանակցությունների փորձել հեռացնել ադրբեջանական զորքին ու միանգամից պատերազմե՞լ եւ պատերազմել Հայաստանի տարածքո՞ւմ: Այդ պատերազմը բնականաբար չի ավարտվելու այդ 250 հոգուն ոչնչացնելով, պարզ է, չէ՞, որ հայկական կողմը կարող է այդ 250-ին ակնթարթում ոչնչացնել, հարցը հետեւյալն է՝ ի՞նչ է լինելու դրանից հետո»:
Ըստ Մարուքյանի, լավագույն լուծումը կլիներ գերեվարել այդ 250 հոգուն ու հարուցել քրգործ, նրանց փոխանակել իրենց մոտ պահվող մեր հայ ռազմագերիների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ