Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը գործի դրեց դիվանագիտական զենքը. «Կոմերսանտ»

Մայիս 14,2021 15:45

Հայաստանի իշխանությունները որոշեցին գործի դնել ռազմաքաղաքական լծակը, որը նախկինում երբևէ չի գործադրվել: Խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է, որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը:

Թերթը հիշեցնում է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակություն է ստացել Սյունիքի մարզում: Բանը զինված բախումների այնտեղ դեռ չի հասել, բայց իրավիճակը ծայրահեղ լարված է: Մայիսի 12-ի առավոտյան «սահմանների հստակեցման» պատրվակով հայկական տարածք են մուտք գործել մի խումբ ադրբեջանցի զինվորականներ, որոնք խորացել են մոտ 3.5 կմ և ամրացել Սև լճի շրջակայքում: Նմանատիպ փորձեր ձեռնարկվել են սահմանի ևս երկու հատվածներում: Երկու օր շարունակվող բանակցությունները հայ և ադրբեջանցի զինվորականների միջև ռուսական կողմի մասնակցությամբ հաջողությամբ չեն պսակվել: Հայաստանի կառավարության տեղեկության համաձայն՝ մոտ 250 ադրբեջանցի զինվորականներ դեռ շարունակում են մնալ երկրի պետական սահմանի շրջակայքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հատվածներում:

Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ թերթին ասել են. «Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը տեղի է ունենում Ադրբեջանին պատկանող դիրքերում»:

«Կոմերսանտը» նկատում է, որ իրավիճակի կայունացման գործում ՀԱՊԿ հնարավոր մասնակցության մասին խոսակցություններն առաջ են եկել հայ-ադրբեջանական սահմանին բոլոր սրացումների ժամանակ: Այնուամենայնիվ, դե ֆակտո կազմակերպությունը երբևէ ակտիվ գործողություններ չի ձեռնարկել: Դա բացատրվում էր նրանով, որ ռազմական գործողությունները գործնականում ոչ թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանին էին լինում, այլ բացառապես Լեռնային Ղարաբաղում, որը, ըստ միջազգային իրավունքի, պատկանում է Ադրբեջանին: Երբ որ բախումները սկսվեցին անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես 2020թ. հուլիսին, ՀԱՊԿ-ը սահմանափակվեց խորհրդակցություններով: Չորս օր անց կրակը դադարեցվեց, և բոլոր հնարավոր լուծումները կորցրին արդիականությունը:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական հրթիռներ ընկել են Հայաստանի տարածք, մասնավորապես Ղարաբաղի հետ սահմանակցող Վարդենիս, գրում է թերթը: Տեսականորեն, դա կարող էր հիմք դառնալ ՀԱՊԿ-ին դիմելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը նախընտրեց դա չանել, թերևս հասկանալով այդ քայլի ոչ հեռանկարային լինելը: Այնուամենայնիվ, Հայաստանի ընդդիմությունը դա համարում է բաց թողնված հնարավորություն և այն օգտագործում է որպես իշխանություններին քննադատելու հարմար առիթ:

Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն արդեն հեռախոսազրույցներ են ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Բայց դրանից հետո ոչ մի անսպասելի հայտարարություն չի հնչել: Մյուս կողմից, թերթը նկատում է, որ Հայաստանում միանգամայն հեռանկարային են համարում ՀԱՊԿ-ին դիմելը և մեջբերում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը. «Անկասկած, ՀԱՊԿ միջամտությունից հետո Սև լճի շուրջ խնդիրը կլուծվի հօգուտ Հայաստանի»:

Երևանում գործող Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Կոմերսանտին» մեկնաբանել է, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին պետք է ընկալել որպես դիմում հենց Ռուսաստանին: «Ոչ մեկ լրջորեն չի ակնկալում, որ ղազախները կամ ղրղըզները այստեղ զորք կմտցնեն: Ակնկալվում է, որ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը»,- ասել է Իսկանդարյանը:

Վերջում թերթը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և իշխանությունների ու ընդդիմության ցանկացած որոշում պետք է դիտարկել այս համատեքստում: «Նիկոլ Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին կարող է դիտվել որպես նախկին սխալների ուղղում և վճռականության ցուցադրություն, ինչը դուր կգա ընտրողներին: Սակայն եթե այդ քայլը ոչ մի կերպ չօգնի լուծել առաջ եկած խնդիրը, ապա դա կարող է ունենալ հակառակ ազդեցությունը»,- եզրափակում է «Կոմերսանտը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31