Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Երեկ դատախազությունը բացարկի միջնորդություն էր հայտնել բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանին, եւ այսօր այդ միջնորդության որոշումը հրապարակվեց։ Դատարանը մերժեց այն, ապա բավարարեց Ռուբեն Վարդազարյանի պաշտպանների՝ բողոքի քննության շարունակությունը դռնբաց ռեժիմով քննելու վերաբերյալ միջնորդությունը։
Այնուհետեւ որպես բողոքի ներկայացման հիմք՝ Վարդազարյանի շահերի ներկայացուցիչները դատարանին ասացին, որ Վարդազարյանի հանդեպ քրեական գործ հարուցելիս դատախազությունը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանին՝ որպես դատավորի օրենքով վերապահված անձեռնմխելիությունը, ինչը չի արվել։ Մեղադրող-դատախազ Աշոտ Ժամկոչյանն առարկեց: Նախ պնդեց, որ պաշտպաններն առհասարակ չպետք է բողոքարկեին վարույթն իրականացնող մարմնի՝ Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշումը, քանի որ կա նախադեպ․ «Ըստ դրա՝ մեղադրանք առաջադրելու որոշումը մինչդատական փուլում չի համարվում դատական վերահսկողության առարկա, հետեւաբար՝ այն ենթակա չէ բողոքարկման»։
Աշոտ Ժամկոչյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ ըստ դատական օրենսգրքի՝դատավորի անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը վերաբերում է դատավորի լիազորությունների կատարմանը․ «Իսկ մյուս դեպքերում, երբ արդեն իսկ կատարված է ենթադրյալ հանցանք, որը դատավորի լիազորությունների հետ կապված չէ, հետեւաբար՝ անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չի լինում»։
Հավելենք, որ Ռուբեն Վարդազարյանն այսօր եւս դատարան չէր ներկայացել։ Նիստից այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ նախորդ փուլը դռնփակ էր։
Կարդացեք նաև
Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Նրա շահերի պաշտպաններն ավելի վաղ մատնանշել են, որ բողոքի հիմքերից մեկը վերաբերում է այն փաստին, որ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել առանց նրա՝ որպես դատավորի անձեռնմխելիության հաղթահարման։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ