Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտագրվածների թվով առաջին տեղում մաթեմատիկան է, ապա` անգլերենը». ԳԹԿ փոխտնօրեն

Մայիս 14,2021 15:16

«Բուհերի ընդունելության հայտերի առաջին փուլն ավարտվել է, ինչից հետո պատրաստվում ենք քննություններին: Հայտերի ընդունման ժամանակ որեւէ խնդիր եւ խափանում չենք ունեցել»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Հավելեց, որ 24-ամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել:

«Մայիսի 10-ին, ժամը 18:00-ին ավարտել ենք հայտագրումը ու մինչ այս պահը դժգոհություններ, փոփոխություն ու բողոք չի եղել: 1-2 հոգի են եղել ընդամենը, որոնց ուղղորդել ենք հայտագրման երկրորդ փուլ»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը:

Հայտագրման առաջին փուլի մասին խոսելով` շեշտեց, որ առաջին փուլում ներառել են բուհի ընտրությունը, մասնագիտության ընտրությունը եւ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը եւ հանձնումը:

«Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով: Այս տարի ընդունելության քննությունները կազմակերպվելու են նախորդ տարիների նման երկու փուլով: Եվ առաջին փուլը, եւ երկրորդը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Առաջին եւ երկրորդ փուլի ավարտից հետո ենք միայն անցկացնում մրցույթ: Այսինքն, մրցույթը լինում է մեկը, իսկ քննություններն ու հայտագրման փուլերը բաժանել ենք երկու մասի:

Երկրորդ փուլը նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաեւ այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլում: Երկրորդ փուլը հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածն է ընդգրկում»,-հայտնեց պարոն Նասիբյանը:

Այնուհետեւ ներկայացրեց, թե ինչպիսին է պատկերը առաջին փուլից հետո. «Միասնական քննություն հանձնողների թիվը Հայաստանի Հանրապետությունում 10957 է, Արցախի Հանրապետությունում` 529: Արցախի Հանրապետությունը քննությունը կազմակերպում է մեր թեստերով, եւ քննությունների օրերն էլ նույնն են, ինչպես Հայաստանի Հանրապետությունում:

Միասնական քննություններ հանձնողների ընդհանուր թիվը կազմում է 11486, ներբուհական քննություններ հանձնողներինը` 1899: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Իսկ բանավոր քննություններ հանձնողների թիվը` ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է »,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա հավելեց, որ դիմորդների թվով առաջին տեղում մաթեմատիկան է` բացառությամբ Տավուշի մարզի եւ Արցախի Հանրապետության: Այդտեղ հիմնականում գերակշռում է հայոց լեզու եւ հայ գրականություն հանձնողների թիվը: Դիմորդների թվով երկրորդ տեղում անգլերենն է, երրորդ տեղում` հայոց լեզու եւ հայ գրականությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31