Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կօգնի սահմանային լարվածության վերացմանը. Ալեքսանդր Իսկանդարյան

Մայիս 14,2021 14:23

«Դիմել ՀԱՊԿ-ին՝ նշանակում է Ռուսաստանին դիմել: ՀԱՊԿ-ն իր կառուցվածքով այնպիսին է, որ կենտրոնում Մոսկվան է: Այսինքն, Հայաստան -Ղրղզստան հարաբերություններ չկան: Մտածել, որ բելառուսները կամ ղրղզները գալու են ու Արցախ պաշտպանեն՝ անհնար է: Այո, դիմում ենք Ռուսաստանին, որը կձեռնարկի քայլեր՝ բանակցային, դիվանագիտական, բայց ոչ ռազմական: Տեսականորեն կարող եմ պատկերացնել, որ ռուսական ճնշումները կբերեն արդյունքի: Բայց այն, որ ՀԱՊԿ-ը կօգնի սահմանային լարվածության վերացմանը՝ չեմ կարծում»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով նախ Սյունիքի հատվածում, ապա հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սահմանների ոտնձգություններին:

«Հարցն այն է, որ ռուսների համար միևնույնն է, թե ո՞վ է վերահսկում Սև լիճը: Ռուսաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները, որպեսզի ադրբեջանցիները հետ գնան: Ինչ-որ կոմպրոմիս կգտնվի, բայց եթե նույնիսկ հիմա լուրջ ճնշում լինի ադրբեջանցիների վրա և նրանք հետ գնան, սա չի փոխելու ընդհանուր պատկերը: Ադրբեջանի թիրախը Սև լիճը չէ, գուցե այս պահին ջրային ռեսուրսն է, բայց սա վերջնական նպատակը չէ: Իմ կարծիքով հիմնականն այն է, թե ինչն է Ադրբեջանը հաջողում. նա փոխել է հակամարտության բնույթը, նա թելադրում է Հայաստանի ներքին օրակարգը: Մենք վաղուց պաշտպանում ենք Սյունիքը, ոչ թե Արցախը: Սա է հիմնական քաղաքական նպատակը: Իսկ երկրորդ նպատակը Հայաստանի ներսում քաղաքական լարվածության պահպանումն է: Այս երկու նպատակներն Ադրբեջանը հաջողում է՝ անկախ նրանից, թե այս պահին ինչպե՞ս կլուծվի կոնկրետ Սև լճի հարցը»,- ասաց քաղաքագետը` հավելելով նաեւ, որ Հայաստանն, իհարկե, Իրանի համար կարևոր է, քանզի Իրանի մյուս հարևաններն աշխարհի ամենապարզ երկրները չեն: «Իրանին պետք է Սյունիքը, պետք է Հայաստանի հետ համագործակցությունը, բայց ասել, որ Իրանը մեզ համար կամ մեր փոխարեն որևէ լուրջ քայլ կձեռնարկի, կարծում եմ սխալ է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանի գնահատմամբ էլ`Սյունիքի սահմանին 3.5 կմ խորանալը, այլ հատվածում լարվածությունը սպասելի էին. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սա անսպասելի չէր: Ինչպես պարզվեց, սահմանները գծվում էին խորհրդային գլխավոր շտաբի քարտեզներին համաձայն, որը ռազմական առումով տրամաբանական է, բայց երկու երկրների միջև սահման գծելու լավագույն տարբերակը չէ: Այժմ Սև լճի հատվածն անգամ այս խորհրդային տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետև ադրբեջանցիները շատ ավելի են խորացել: Հայկական կողմի պնդմամբ եղանակային պայմանների պատճառով մենք չէինք կարողացել դիրքավորվել, իսկ ադրբեջանցիները՝ կրկին եղանակային պայմաններն օգտագործելով, առաջխաղացում ունեցավ: Բայց սա համընկավ Մուրադովի պաշտոնի հանձնման-ընդունման գործընթացի հետ: Գուցե ադրբեջանական կողմը հաշվի է առել այն հանգամանքը, որ ռուսական կողմի գլուխը խառն է լինելու այս հարցով: Բայց փաստ է, որ ադրբեջանական կողմը գնում է սահմանի ցանկացած հատվածում առաջխաղացում ունենալու քաղաքականությամբ»:

Փորձագետի գնահատմամբ, այս քաղաքականությունը Ադրբեջանը տանում էր նաև Վրաստանի հետ հարաբերություններում, որի էսկալացիան եղավ 2019 թվականին, երբ ադրբեջանցիները ճանապարհ կառուցեցին դեպի վրացական սահմանային վանական համալիր. «Դատելով տարբեր տեսագրություններից՝ Սև լճի հատվածում մոտավորապես նույն գործողություններն են. ադրբեջանցիները ներխուժել են, վրաններ են տեղադրել, չեմ բացառում, որ հենց վստահ լինեն իրավիճակում՝ ամրապնդվող կառույցներ կտեղադրեն: Ես հույս ունեմ, որ բանը չի հասնի բախման, որովհետև դրա նախադրյալները չեմ տեսնում, գոնե հայկական կողմից նման ակնարկ չեմ տեսնում: Կարծում եմ, կլինի ոչ ռազմական, կոմպրոմիսային լուծում: Սակայն, միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե նրանք հեշտությամբ հետ կմղվեն: Բացի այդ, եթե սա հաջողվի, ադրբեջանցիները կրկնելու են սա սահմանի այլ հատվածներում»:

Փորձագետը նկատում է, որ վեց ամիսը գոնե առաջնագծի կահավորման համար քիչ ժամանակ չէր: Իսկ ինչ վերաբերում է այս դեպքի համատեքստին, ապա այնպես չէր, որ մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հայտնվել էին Սև լճի շրջակայքում. «Գոնե մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմում տարածվում էին տեսանյութեր, թե ինչպես են շրջում այդ կողմերում»: Իսկ թե ինչո՞ւ հայկական կողմը կանխարգելիչ գործողություններ չի ձեռնարկել`պատասխանը պաշտոնական Երեւանը պետք է տա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31