«Սա իշխանությունների պատասխանատվությունն է անգործության առումով, որ թույլ են տվել նման բան։ Արդարացումները, թե հնարավոր չէ կարճ ժամանակում սահմանագծի երկայնքով դիրքեր ապահովել, սեփական անգործությունն արդարացնելու միջոց է»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով մայիսի 13-ի Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի սուվերեն տարածք ապօրինի ռազմական ներխուժմանը՝ ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Նա նշեց․ «Չեմ լսել իշխանությունից կոչ, որ մարդուժ է պետք՝ սահմանին խրամատ փորելու եւ համար։ Եթե բանակի ռեսուրսը չէր բավականացնում, թող դիմեին հանրությանը։ Բոլորս սիրով կգնայինք, կօգնեինք, կփորեինք։ Ի՞նչ է նշանակում՝ ձմռանը դիրք դնել հնարավոր չէ, անձրեւի ժամանակ էլ ենք նույնն ասելո՞ւ։ Այնպիսի դիրքեր են զբաղեցրել, որ Սյունիքի մարզից ուղիղ տեսանելիության եւ կրակային հարվածի տակ են հայտնվել զգալի տարածքներ։ Դրանք բլրակներ չեն, ինչպես իշխանական պատգամավորներն են ասում։ Բարձունքներ կան, որտեղից Սիսիանն է երեւում։ Ուստի իշխանության կողմից որեւէ արդարացում ընդունելի չէ»։
Հիշեցնենք՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային փոփոխություններն են եղել, եւ ձմռան պատճառով Սյունիքի այդ հատվածում չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց․ «Սյունիքում ադրբեջանական առաջխաղացումը զինադադարից հետո առաջին նման ներխուժումն է, որը հաջորդել է ընտրությունների հաստատման մասին նախագահի հայտարարությանը։ Ուստի սա ընտրություններից եւ Սերգեյ Լավրովի այցից կտրված դիտարկելը հիմնավոր չէ։ Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ սա ՀՀ ներքաղաքական եւ նախընտրական վիճակին միջամտելու փորձ էր, ընդ որում, Ադրբեջանն ինքնուրույն չի խաղացել, եւ Լավրովի այցն այդ մասին է հուշում»։
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ Ռուսաստանի թեկուզ անուղղակի մասնակցությունն առկա է եղել, որպեսզի ապակայունացվի հայաստանյան նախընտրական իրավիճակը՝ ցույց տալու համար, որ հեղափոխության ջատագով ուժերը թույլ են, ի վիճակի չեն ապահովել ՀՀ անվտանգությունը․ «Ուզում են ցույց տալ, որ միակ այլընտրանքը ռուսամետ ուժերն են՝ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ։ Պատահական չէ, որ օրեր առաջ է նա քաղաքական հայտ ներկայացրել՝ ցույց տալու համար, որ այլընտրանքն ինքն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ