Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Պուտինը համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով

Մայիս 14,2021 11:43

Մայիսի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության բոլոր դրույթները, առաջին հերթին կրակի դադարեցման ռեժիմին անվերապահորեն հետևելու մասով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի ու Բաքվի հետ ամուր շփումներ պահպանելու տրամադրվածությունը՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և կողմ արտահայտվել կառուցողական երկխոսությանը և գործակցությանը, որպեսզի առաջ եկող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցը:

ՀՀ վարչապետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31