Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ուզում ասել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը եւ կմիջամտի՞ ՀԱՊԿ-ը

Մայիս 14,2021 11:33

Երեկ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել ՀՀ սահմանի նկատմամբ`փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ առաջխաղացումը կասեցվել է:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք` ադրբեջանական այս հանդգնությունը Սյունիքում տեղի ունեցածի առիթով պաշտոնական Երևանի կրավորական կեցվածքի արդյու՞նք է։ Հիշեցնենք, որ սկզբում, տեղական իշխանությունները հերքում էին Սյունիքում Ադրբեջանի առաջխաղացման մասին լուրերը:

Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը հնարավորություն է տեսել Հայաստանից կորզելու առավելագույնը: Դա դրսևորվում է հետպատերազմական փուլում բանակցային գործընթացում տարվող գործընթացում: Ադրբեջանը Հայաստանից փորձել է կորզել այն, ինչ հնարավոր է: Սահմանային տարբեր միջադեպերը, որոնք հանրայնացվում են կամ ոչ, որոնք կան այսօր կամ կլինեն վաղը, արդյունք են պաշտոնական Երևանի պարտվողական կեցվածքի և բանակցային գործընթացում դիտորդի դեր ստանձնելուն»,- ասաց մեր զրուցակիցը:

Երեկ ՀՀ իշխանությունը նաեւ դիմեց ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների առիթով խորհրդատվություն սկսելու հարցով. սա ի՞նչ է ենթադրում`հարցին Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Տպավորություն ունեմ, որ Հայաստանն ամեն դեպքում դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի հետո իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում ոչ ոք չմեղադրի չդիմելու համար: Ընթացակարգը բավականին բարդ է՝ սկսել խորհրդակցությունների փուլ, որը դեռևս դժվար է ասել, թե ի՞նչ եզրահանգման կհանգեցնի: Ցանկացած պարագայում կա հնարավորություն և շանս` ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կառույցների միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա ու խնդիրը տանել խաղաղ հանգուցալուծման»:

Թե ի՞նչ զարգացումներ է կանխատեսում մեր զրուցակիցը, ի՞նչ սպասել՝ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունների ֆոնին, հարցի պատասխանն էլ եղավ. «Պետք է հասկանալ, որ Ղարաբաղում ներկայիս կոնֆիգուրացիան չի բավարարում մեծ թվով երկրների, որոնք գործընթացի վերաբերյալ ունեին այլ պատկերացումներ և լուծումներ: Ռուսաստանի ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում, բնականաբար, հակասում է մեծ թվով երկրների շահերին, որոնք ամենատարբեր ճակատներում դիմակայություն են տանում Ռուսաստանի ազդեցության գոտու նվազման առիթով: Եվ բնական է, որ ամենատարբեր առիթներով Ռուսաստանն ուղղակի և անուղղակի ձևով ստանալու է բազմաթիվ հարվածներ՝ Արցախում միայնակ խաղաղապահ ուժերի տեղակայման մասով: Կարծում եմ, որ իրավիճակի այս արդյունքը բավարարում է Հայաստանին և Արցախին»:

Հիշեցնենք, երեկ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Լոնդոնում կնախընտրեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, քան բացառապես ռուսական զորակազմ: Ըստ նրա՝ Բրիտանիան կնախընտրեր, որպեսզի հրադադարի շուրջ բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ զորակազմը միջազգային լիներ. «Մենք պետք է ուսումնասիրենք [ՌԴ խաղաղապահ ուժերի] մանդատը, ավարտենք այդ մանդատը: Ի՞նչը կարող է (ռուսական առաքելության-Ն. Գ.) այլընտրանք լինել, ի՞նչը կարող է դրան հաջորդել»: Դեսպանը դրական է գնահատել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման եւ տնտեսական համագործակցության վերաբերյալ Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եռակողմ բանակցությունների օրակարգը: Դիվանագետը խոստովանել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնում. «Ի վերջո, վերջնական կարգավորման՝ խաղաղության պայմանագրի հարցը, պետք է լուծվի, եւ Մինսկի խմբի համանախագահները պետք է դեր խաղան դրանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31