«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կայացած հաշվետու համերգով ավարտվեց մարտին մեկնարկած համերգաշարը, ավարտին է մոտենում նաեւ կրաթոշակային ծրագիրը, որտեղ մրցույթի արդյունքներով ընդգրկվել էին 11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր):
Այս ընթացքում կրթաթոշակառուների համար հայ եւ արտասահմանցի անվանի երաժիշտներ անցկացրել են մի շարք վարպետության դասեր, կազմակերպվել են անգլերեն եւ ռուսերեն լեզուների անվճար պարապմունքներ: Բացի այդ, կրթաթոշակառուների մասնակցությամբ անցկացվել են համերգներ Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Հիմնադրամի և կրթաթոշակառուների անցած ճանապարհը գնահատում են կրթաթոշակառուների ծնողներն ու մասնագետները:
Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով՝ այսպիսի համերգները լավ առիթ են երեխաների համար, որպեսզի նրանք ևս մեկ քայլ անեն մասնագիտացման ճանապարհին, հմտանան թիմային աշխատանքում, հատկապես պատանի տարիքում: «Վստահեցնում եմ՝ համերգին մասնակցած երեխաներից շատերը հետագայում կդառնան սոլիստներ և իրենց տեղը կգտնեն երաժշտության ոլորտում: Եւ այս առումով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությանը ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին, նպատակային է եւ արդարացված»:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով՝ հիմնադրամի գործունեության արդյունքը գոհացուցիչ է. «Համավարակի պայմաններում հիմնադրամն արել է առավելագույնը կրթաթոշակառուների համար, անցկացնելով վարպետության դասեր, կազմակերպելով համերգներ, մինչդեռ ողջ հանրապետությունում երեխաների շրջանում անցկացվող մրցույթներ և միջոցառումներ գրեթե չեն անցկացվում: Մշակութային կյանքը դանդաղել է, հատկապես երեխաների մասնակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, որոնք քրտնաջան աշխատանք են կատարել կրթաթոշակառուներին մասնագիտական առումով այս բարձր մակարդակին հասցնելու համար»:
Դիրիժոր, դաշնակահար, Աշկելոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Թել Ավիվի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի անցկացրած մրցույթի ժյուրիի անդամ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ գրեթե մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուների երաժշտական հմտությունները զարգացել են, աճն ակնհայտ է:
Կարդացեք նաև
Պապյանը նշեց, որ մեծապես կարևորում է պատանի երաժիշտներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բայց առավել անհրաժեշտ է համարում վարպետության դասերի անցկացումը. «Ֆինանսական աջակցությունը շատ կարևոր է, դա հնարավորություն է տալիս պատանի կատարողին չանհանգստանալ գումարի մասին, օրինակ, երիտասարդ կատարողը պետք է միջոց ունենա որևէ մրցույթի մեկնելու, եւ հիմնադրամն այդ առումով էլ իր աջակցությունն է ցուցաբերում: Բայց առավել կարևոր է նաեւ մասնագիտական առումով ուղղորդել եւ աջակցել պատանի կատարողին: Շատ ողջունելի է, որ Սերգեյ Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, արդեն իսկ սկսել է մտահոգվել սերնդափոխության մասին եւ կյանքի կոչել մի հրաշալի գաղափար՝ օգնել տաղանդավոր պատանի երաժիշտներին, ստեղծելով հիմնադրամ: Եւ հիմա ես, նայելով հիմնադրամի կրթաթոշակառուներին, ուրախանում եմ, որ երաժշտությունը չի ավարտվի մեր սերնդով, որ կունենանք մեր գործի արժանի շարունակողներ: Ես փարատեցի իմ մտահոգությունն այդ առումով, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնցից լավագույններին աջակցում է Սերգեյ Սմբատյանի ստեղծած հիմնադրամը»:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքով՝ կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգները հնարավորություն են ստեղծում նրանց համար աճել որպես երաժիշտ, հմտանալ. «Ամեն անգամ բեմ դուրս գալով՝ երեխաները աճում են: Մրցութային կարգող ընտրվել են լավագույն, փայլուն երեխաներին: Հիմնադրամն անում է հնարավորինը, որպեսզի կրթաթոշակառուները գնահատված լինեն, և երեխաները դա հասկանում են, դա շատ մեծ խթան է, որպեսզի հետագայում նրանք ավելի շատ պարապեն, ավելի հմուտ լինեն: Այս հիմնադրամը մեծ գործունեություն է ծավալում հօգուտ ապագա երաժիշտների, մոտեցումը տարբերվում է այլ հիմնադրամներից, քանի որ չի սահմանափակվում կրթաթոշակ տրամադրելով, այլ անում է հնարավորը, հատկապես համավարակի պայմաններում, որպեսզի նպաստի կրթաթոշակառուների մասնագիտական աճին»:
Կրթաթոշակառուների ծնողների գնահատմամբ՝ համավարակի պայմաններում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աշխատակազմն արել է առավելագույնը կրթաթոշակառուների համար:
«Անցկացվել են վարպետության դասեր, որոնք շատ անհրաժեշտ եւ կարևոր են պատանի երաժշտի համար: Համերգների ընթացքում ստեղծագործությունների համատեղ կատարումը օգնում է երեխաներին հաղթահարել մի շարք խնդիրներ, իսկ երաժշտի համար դա շատ կարևոր է: Ես տեսնում եմ հիմնադրամի ղեկավարության եւ աշխատակիցների սրտացավ վերաբերմունք, պատրաստակամություն օգնել երեխաներին ցանկացած մասնագիտական խնդրի լուծման հարցում»,- նշեց Թամար Չարխիֆալաքյանը` կրթաթոշակառու Գուր Սարգսյանի մայրը:
Նա նաեւ հավելեց, որ համերգներին պատրաստվելու ընթացքում երեխաների միջեւ ձեւավորվել է ջերմ մթնոլորտ, եւ նրանք մեծ սիրով են աշխատում միմյանց հետ:
«Պատանի երաժիշտների շփումը, թիմային աշխատանքը նվագախմբի կազմում չափազանց կարևոր է, եւ շատերի համար դա առաջին փորձն էր: Շատ կարևոր է, որ երեխաները հանդես են գալիս համերգներով, դա անհրաժեշտ փորձառություն է նրանց համար»,- ասաց Նելլի Մարտիրոսյանը՝ կրթաթոշակառու Մարի Հակոբյանի մայրը, նշելով նաև, որ հիմնադրամի՝ կրթաթոշակառուների համար կազմակերպած վարպետության դասերը մասնագիտական մեծ աջակցություն են կրթաթոշակառուների համար:
Կրթաթոշակառու Դավիթ Տոնոյանի ծնողի՝ Ալվարդ Նախոյանի խոսքերով՝ այս ամիսների ընթացքում երեխաները դարձան ավելի աշխատասեր եւ ինքնուրույն. «Համերգներին համատեղ պատրաստվելու արդյունքում երեխաները ձեռք բերեցին թիմում աշխատելու փորձառություն, ինչը շատերի համար նոր երևույթ էր: Մեր սպասելիքներն արդարացվեցին, շատ եմ ցանկանում, որ հիմնադրամի այս նախաձեռնությունը լինի շարունակական, եւ տաղանդավոր այլ երեխաներն էլ հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին, հաղթել եւ իրենց ուրույն տեղը գտնել երաժշտության ոլորտում»:
Ըստ կրթաթոշակառու Ասյա Անիսիմովայի ծնողի՝ Քրիստինա Անիսիմովայի՝ այս ամիսների ընթացքում շփումը կրթաթոշակառուների միջեւ համերգներին պատրաստվելիս, վարպետության դասերի մասնակցելիս՝ բացի մասնագիտական գիտելիքներից երեխաներին սովորեցրեց լինել էլ ավելի ընկերասեր ու հոգատար միմյանց նկատմամբ. «Երեխաներն ավելի պարտաճանաչ դարձան, հասկացան, որ այս նախագիծը տարբերվում է մնացածներից, եւ այստեղ պետք է լինել ավելի պարտաճանաչ եւ լուրջ պատասխանատվություն կրել երաժշտության նկատմամբ: Այն ամենը, ինչ հիմնադրամը տալիս է երեխաներին, շատ ավելին է, քան մեր՝ ծնողներիս սպասելիքները»:
Կրթաթոշակառու Սաթենիկ Գալստյանի մայրը՝ Լուսինե Պողոսյանը, նշեց, որ հիմնադրամը բավականին մտերմիկ միջավայր է ստեղծել երեխաների համար, հատկապես համերգներին պատրաստվելու ընթացքում. «Իհարկե, համավարակի պայմաններերում, դա բավականին դժվար էր, բայց երեխաները կարողացան բավականին մեծ մասնագիտական փորձ ձեռք բերել համերգներին և վարպետության դասերին մասնակցելով»:
Նշենք, որ առաջիկայում «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը կրկին կհայտարարի մրցույթ երաժշտական հաստատությունների սաների շրջանում: Առավել տաղանդավորները կստանան տարեկան անվանական կրթաթոշակ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու լավագույն մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերին: