Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համախմբվել Հայոց բանակի և պետականության շուրջ. «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Մայիս 14,2021 10:19

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում և Հայաստան – Ադրբեջան սահմանագծի այլ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացահայտ ներխուժումը և այն դիտարկում որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ։

Առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՌԴ միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրված եռակողմ համաձայնության անթաքույց ու կոպտագույն խախտմամբ և այդ հայտարարության երաշխավոր ՌԴ արտգործնախարարի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։

Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանվում է միջազգային օրենքներով, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության և ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության պատասխանատվության գոտի է։

Հանուն Հանրապետության կուսակցությունը հրամայական է համարում, որ միջազգային կազմակերպությունները ( ՄԱԿ, ԵԱՀԿ՝ ներառյալ ՄԽ, ԵԽ ) անհապաղ արձագանքեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությանը՝ պարտադրելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և իր կողմից ստանձնած պարտավորությունները։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են համակողմանիորեն գնահատել իրավիճակը և թույլ չտալ ազգային և պետական շահերի ոտնահարման որևէ փորձ, այլապես այն վտանգավոր նախադեպ կդառնա սահմանագծի այլ գոտիներում։

Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային կազմակերպություններում և գործընկերների հետ ստորագրած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում առկա են տարատեսակ գործիքակազմեր, որոնք Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են կիրառել՝ հասնելու համար խնդրի քաղաքական հանգուցալուծմանը և սահմանազանց ադրբեջանական զինված խմբավորումներին շպրտել ելման դիրքեր։

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին առաջնորդվել բացառապես պետական շահով, զերծ մնալ ստեղծված բարդ իրավիճակը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց և նպաստել համազգային կոնսոլիդացիային ու համախմբվել Հայոց բանակի և պետականության շուրջ։

Պատկան մարմինները պարտավոր են ժամանակին ապահովել իրավիճակի մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31