Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բա դո՛ւք ինչի՞ համար եք

Մայիս 14,2021 10:00

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Սա արձանագրելով՝ ես, հուսով եմ, խուճապ չեմ տարածում, պարզապես կրկնում եմ վարչապետի պաշտոնակատարի ձեւակերպումը: Իմ կարծիքով, սա հետեւանք է մեր իշխանությունների թուլակամ, կրավորական վարքագծի, Սյունիքում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին ոչ պատշաճ արձագանքի՝ «ամեն ինչ նորմալ է, սահմանների ճշգրտում է գնում», մեղմ ասած, ոչ իրավաչափ ձեւակերպման:

Հիշեցնեմ, որ իշխանության ներկայացուցիչներն այս ամբողջ ընթացքում սուր ձեւով հակադրվում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, երբ նա ահազանգում էր Սյունիքում ադրբեջանական բանակի գործողություններին եւ մեղադրում էին նրան քաղաքականությանը խառնվելու մեջ:

Ողջ չորեքշաբթի օրվա ընթացքում իշխանավորներն ու նրանց երկրպագուները պիտակներ էին կպցնում «հայտնի շրջանակներին»՝ ժողովրդի հանդեպ «մեդիատեռոր» իրականացնելու համար եւ համոզում էին մեզ, որ հակառակորդը ոչ մի մետր առաջ չի գնացել: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ագրեսիվ տոնով հակադարձում էր բոլոր տեսակի մտահոգություններին: Ի վերջո, Պաշտպանության նախարարությունը «հանգստացրեց» ազգաբնակչությանը՝ այո, թշնամին մտել է Հայաստանի տարածք, բայց առանց որեւէ կրակոցի: Ինչ խոսք, սփոփիչ է:

Հիմա, վստահ եմ, իշխանությունն արդարանալու համար կիրառելու է իր հին եւ փորձված զենքը. նրանում, որ ադրբեջանական զորքը ներխուժել է մեր տարածք, մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է, դեռ քանի՞ տարի է գործելու այդ (ներեցեք օտար բառի համար) «ատմազկան»: Այո, նախկին նախագահներին կարելի է մեղադրել շատ բաներում, գուցե նաեւ հանցագործություններում, եթե լինի դատարանի վճիռը: Բայց 3 տարի դո՛ւք եք իշխանության գլխին: Ի՞նչ եք դո՛ւք արել՝ ՀՀ սահմանները պաշտպանելու, մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Ենթադրենք, «նախկինները» ձեզ խաբել են, չարամտորեն հանձնել են իշխանությունը, որ ձեզ խայտառակեն, պատերազմը «քցել են ձեր գրպանը» եւ այլն: Ենթադրենք, այդ ամենը ճիշտ է: Բայց այդ դեպքում դո՛ւք ինչի՞ համար եք իշխանություն, որ այդքան հեշտ կուլ գնացիք այդ ամենին: Ինչո՞վ էիք 3 տարի զբաղվում, բացի ագրեսիվ հռետորաբանությամբ օդը ցնցելուց:

…Երբ խոսքը գնում է քաղաքական հակառակորդներին «ասֆալտին փռելու» մասին (ուղիղ եւ փոխաբերական՝ հռետարաբանական իմաստով), մեր իշխանավորներն «ասլան են կտրում», բայց երբ գործը հասնում է ադրբեջանական ոտնձգություններին, դառնում են անվնաս փիսիկներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Զբաղված էին մենակ խոսալով: Հիշում եք երկարաշունչ 5-6ժամանոց ասուլիսները “100 փաստ նոր Հայաստանի մասին կամ Նիկոլի տատի հեքիաթները”:
    Ու հիմա էլ նույննա: Վարչապետ չընտրվելիս էլի մի քանի ժամ ջուր ծեծեցին աշխատելու փոխարեն:
    Պատերազմի շեմին կամ հետպատերազմյան վիճակում գտնվող երկրի վարչապետը պիտի քիթ սրբելու ժամանակ չունենա: Ոչ թե գնան ԱԺ մանկապարտեզի հանդեսի ոճով նախօրոք անգիր արած հարցեր տան ու անգիր արածը պատասխանեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31