Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շիրակի արծիվը» ծնունդը նշում է դիրքերում

Մայիս 14,2021 13:00

Պատերազմական օրերին զինվորների հետ կապի մեջ էի: Պատերազմից հետո հանդիպելով նրանցից յուրաքանչյուրին` մի այլ զգացում է արթնանում իմ ներսում։ Երբեմն էլ հիշում ու ցավում եմ, որ շատերի հետ վերջին հեռախոսազանգս էր։ Նրանց կատարած յուրաքանչյուր սխրագործություն դաս ու դասագիրք է սերունդների համար։ Եթե չզրուցեի Միշա Մանուկյանի հետ, չէի իմանա, թե ինչքան ուժ կա նրա ներսում, ինչքան ցավ կա կուտակված։ Շատ հարցեր անպատասխան մնացին, բայց եւ այնպես` նրանից ստացա կարեւորը` հայ զինվորին վայել խիզախության կերպարին բնորոշ պատասխաններ։ Պատասխաններ, որոնք ստացա նրա ծննդյան օրը՝ հասկանալով, որ հայ զինվորից ուժեղ զինվոր չկա:

Արդարեւ, պատերազմն իր դառը կերպարով նաեւ երիտասարդի ներսուդուրսն է փոխել, բայց կարեւորն այն է, որ նա ավելի հաստատուն դիրք է բռնել` պայքարը որպես հայի կենսակերպ համարելով:

– Միշա, սպասո՞ւմ էիր, որ պատերազմ կլինի,-հարցրի։

– Եթե հայ ես ծնվել, պետք է ամեն ինչի սպասես,-այսպես պատասխանեց զինվորը։

Պատերազմի ժամանակ Մարտունու պաշտպանությանն ակտիվ մասնակցություն է ունեցել։ Մոնթեի պահած ու պաշտած հողի համար նա ոչինչ չէր խնայում։ Ասում է. «Եթե Մոնթեն իր կյանքի գնով պահեց մեր հայրենիքը, մենք ո՞ւմ պիտի տանք։ Մենք պետք է պահենք»։
Մարտադաշտում, մարտական ընկերների կողմից Միշան նոր անուն ստացավ` «Շիրակի արծիվ»։ Ընկերները պատմում են, որ նա անվախ էր, ամենաթեժ մարտերի ժամանակ այնքան հանգիստ էր։ Ոչնչից չէր վախենում, ժպտում էր, իրենք էլ կողքից էներգիա ու վստահություն էին ստանում։

Միշան ցավով է պատմում, որ շատ ընկերների է կորցրել մարտադաշտում։ Հիշում է, աչքերը թախիծով լցնում, գլուխը կախ անուններով թվարկում, կեսից չի շարունակում, սիրտը ցավում է, շատ։

Տարեդարձն է այսօր: Նա դիրքերում է կրկին՝ ամենագեղեցիկ ու ամենացավալի տպավորություններով առաջին տարեդարձն է տոնում նման պայմաններում: Տորթ չունի, միայն զենքն է, որը փառաբանվում է իր բազկի ուժով եւ ոսոխին ապացուցում, որ մեր հայրենիքի սահմանները ոչ թե գյուղերով ու քաղաքներով են անցնում, այլ մեր սրտի միջով:

– Միշա, «Առավոտի» աշխատակիցները շնորհավորում են տարեդաձդ, լավագույնը քեզ, մե՛ր զինվոր: Եկել եմ փոխանցեմ նաեւ, որ բոլորիս ցանկությունը քո ու ընկերներիդ անվտանգ տունդարձն է: Պատվով ծառայեք ու հասեք ձեր ընտանիքներին,-ասացի:

– Այսօրվա իմ ամենակարեւոր շնորհավորանքներից մեկն է, շնորհակալություն,-ժպտաց:

Ըստ Միշայի` ամեն արժանապատիվ հայ պետք է իր ազգի համար ամեն ինչ անի, քանզի պատիվ է հայ ծնվելը, հայ մնալն է դժվար։ Նա բավականին մեծ ծրագրեր ունի, որ պետք է զորացրվելուց հետո ի կատար ածի։ Բայց խոստանում է, որ հայրենիքի համար դժվար պահերին` հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում կլինի։ Միշան վերջերս պարգեւատրվել է հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով: Նաեւ տաղանդավոր ստեղծագործող է։ Բանակ գնալուց մի քանի օր առաջ լույս էր տեսել նրա «Հարբած տողեր» գիրքը, որտեղ երիտասարդի մտորումներն են` կյանքի ճանապարհին։

Հարցիս, թե ինչ երազանքներ ունի, որ կցանկանա իրականանան, նա պատասխանեց՝ միայն խաղաղություն լինի, որ մարդիկ անհոգ ապրեն:

Վովա
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31