Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայ օպերային տենորի դուստրերն արձագանքել են «Առավոտի» հրապարակմանը

Մայիս 14,2021 13:30

«Առավոտը» արդեն 20-25 տարի ներկայացնում է արտերկրում ծնված եւ գործունեություն ծավալած, աշխարհին հայտնի, բայց հայրենիքում այդպես էլ երբեւէ հանդես չեկած սփյուռքահայ արվեստագետների, որոնց առջեւ ինչ-ինչ պատճառներով փակ են մնացել հայրենիքի դարպասները։ Նրանցից ոմանք, ցավոք, արդեն ապրում են երկնային կյանքով։ Մեր օրաթերթի 9.02.2021թ. համարում «Մեզ ծանոթ եւ անծանոթ Արա Կիրակոսյանը» հոդվածում առաջին անգամ «հնչեց» նույնիսկ մասնագիտական շրջանակներին անհայտ լիբանանահայ օպերային տենոր Արա Կիրակոսյանի անունը, որի մասին ոչ շռայլ տեղեկություններ էր հայտնել արվեստաբան, մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի կենսագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ Գոհար Գասպարյանը լիբանանյան հյուրախաղերից հետո առանց չակերտները բացելու ափսոսանք էր հայտնել աշխարհին հայտնի Արա Կիրակոսյանի՝ ինչ-ինչ պատճառներով այդպես էլ հայրենիքում բեմ չբարձրանալու առիթով։ «Մեծ սիրով նրա հետ Անուշ կերգեի… Էլ չեմ խոսում Արայի կոմիտասյան մեկնաբանումների մասին, որոնք իրենց ելեւէջներով եւ թե հոգեբանությամբ բացարձակ ազատ են օտարածին շեղումներից ու խաթարումներից…»,- ասել էր երգչուհին։

Վերջերս խմբագրությունը նամակ ստացավ երգչի լոսանջելեսաբնակ դուստրերից՝ Անի եւ Լարա Կիրակոսյաններից, որոնք իրենց երախտագիտությունն էին հայտնել հոր անունը առաջինը բարձրաձայնելու համար։ Նրանք տարեթվերով մանրամասն շարադրել են երգչի ինչպես կենսագրությունը, այնպես էլ բեմական կյանքը։ Մեզ ծանոթ եւ անծանոթ օպերային տենորը ծնվել է 1935թ., Սասունից Հալեպ գաղթած Տիգրան Կիրակոսյանի ընտանիքում, երաժշտական կրթությունն էլ ստացել է Լիբանանի ազգային կոնսերվատորիայում։ Նամակագիրների խոսքերով՝ իրենց հոր մուտքը երաժշտական աշխարհ շռնդալից է եղել։ Այսպես. 1962թ. երիտասարդ երգիչն արժանացել է Թեքեյան մշակութային միության Մեսրոպյան փառատոնի ոսկե դափնուն։ Իսկ հաջորդ տարի Բեյրութ այցելած Սիլվա Կապուտիկյանը լսելով տենորին, գրել է՝ «Երգիչը` բարձրահասակ Արա Կիրակոսյանը, թեեւ բավականին հեռու էր բեմի վրա, սակայն դահլիճը լցվել էր եւ ասես ուր որ է պիտի պայթեր նրա ձայնից… Սքանչելի ձայն, երիտասարդություն, բեմական արտաքին… Կկարողանա՞, արդյոք, գաղութահայ հողը սնել, հյութավորել ու մրգահասն ապահովել՝ գարնանն այդքան խոստումնալից ծաղիկներ բացած այդ ծառին…»։

Կիրակոսյան քույրերը հավաստիացնում են, որ իրենց հայրը հենց առաջին բեմելից անվերապահ մասնակցություն է բերել հատկապես Միջին Արեւելքի երկրների բացառապես բոլոր հայաշատ քաղաքներում կազմակերպված մշակութային ու կրթական միջոցառումներին եւ դարձել ամենասիրված ու սպասված հայ երգիչներից մեկը։ Նա առաջիններից էր, որ ակտիվ մասնակցություն է ունեցել Բեյրութում սկսված «Նոր սերունդ» մշակութային շարժմանը՝ գլխավոր դերերգերով հանդես գալով այդ շարժման նախաձեռնությամբ Բեյրութում բեմադրված Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի» եւ «Զվարթ» օպերաներում։ Նամակից տեղեկանում ենք, որ հայազգի տենորի հյուրախաղային ծրագրերում մշտապես «հանգրվանել» են նաեւ հայկական ժողովրդական երգեր։ 1965թ. Նահր-Քելբում կազմակերպված հայկական ժողովրդական երգի փառատոնում նա արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին Լիսաբոնում հնչեցնում է մեր ժողովրդական երգարվեստի գանձերից եւ, ամենակարեւորը՝ նա առաջինն է կատարում հայ հեղափոխական երգերի շարքը՝ նվիրված Անդրանիկին, Նժդեհին, Չաուշին, Սերոբին եւ մյուս հերոսներին։ Փարիզյան շրջագայությունից հետո, մասնավորապես՝ «Սալ Կավոյի» շքեղ դահլիճում մենահամերգի ավարտին հանդիսատեսը աղաղակել է՝ «Բրավո, կեցցես, Արա, որ գիտցար դիպչիլ անոնց սրտերուն անուշ եւ տաք ձայնովդ, ժողովրդական անթառամ երգերու փունջով…»։ Երգչի դուստրերը նամակում մեջբերել են նաեւ գրող Հրաչյա Քոչարի՝ իրենց հորն ուղղված հետեւյալ խոսքը. «Դու այնպես ես երգում Արարատի մասին, կարծես ամեն օր տեսնում ես լեռը…»։ Քույրերը հիշում են հոր պատասխանը՝ «Արարատը տեսնում եմ ամեն օր, բայց իմ հոգու աչքերով»։

Խմբագրությունը Կիրակոսյանների ընտանիքից հետաքրքրվել էր՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը,. որ թեեւ երգիչը երբեւէ բեմ չի բարձրացել հայրենիքում, բայց ընդամենը մեկ անգամ՝ շատ կարճ ժամանակով, այն էլ որպես զբոսաշրջիկ՝ համարյա ծպտված, մեծ խոչընդոտներ հաղթահարելով եղել է հայրենիքում։ Անի եւ Լարա Կիրակոսյանները հաստատեցին ասվածը, նշելով, որ իսկապես 1972թ. երգիչը իբրեւ զբոսաշրջիկ եղել է Հայաստանում։ Հավելեցին նաեւ, որ մինչ այդ այցը եւ դրանից հետո էլ, տարիներ շարունակ դիմելով Սովետական Միության դեսպանատուն՝ Հայաստան հյուրախաղերի գալու արտոնության խնդրանքով, մշտապես մերժվել է։ Մեր աղբյուրները պնդում են, որ դրա պատճառը տենորի երգացանկում մշտապես հայ հեղափոխական երգերի առկայությունն է եղել։

Լիբանանյան պատերազմի տարիներին Արա Կիրակոսյանը ընտանիքով մեկնել է ԱՄՆ, մի շրջան մնալուց հետո՝ 1997-ին վերադարձել, իսկ 1999-ին, ընդամենը 64 տարեկանում, կնքել է մահկանացուն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31