Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Փոքր գյուղում

Մայիս 14,2021 12:30

Փոքր գյուղ (Քիչի-քենդ, Քյուչուկ-քենդ, Փուշքենդ) գյուղատեղին գտնվում է Կարբի գյուղից մոտ 1 կմ արեւմուտք, փոքրիկ բլրակի արեւմտահայաց լանջին: Այն պատած է բնակելի տների ավերակներով, որտեղ նշմարվում են նաեւ հատակագծային հորինվածքը՝ փողոցներն ու տնամերձ բակերը: Միջնադարյան գյուղատեղիի մշակութային շերտը նստած է առավել հին՝ մ.թ.ա. I հզմ. թվագրվող բնակատեղի վրա, որի հետքերը ուրվագծվում են հարավային մասում:

Գյուղի հին պատմական անվանումը հայտնի չէ: 18-րդ դարում այն պատկանել է Հովհաննավանքին. «Ունի զվիճակս զԿարբի, զիւր փոքր գեօղն», իսկ 19-րդ դարում՝ պարսից կալվածատեր Սելիմ խանին, որը ինչպես հայտնի է, եղել է սահմանապահների գլխավորը: Նա Ներսես Աշտարակեցու եւ նրա եղբայր՝ Կարապետի հետ ունեցել է ջերմ բարեկամական կապեր: Եվ 1819թ. օգնել է Կարապետին անցնելու ռուս-պարսկական սահմանագիծը, Աշտարակից դեպի Վրաստան: Երեւանի բերդը գրավելուց հետո, Ներսեսի բարեխոսությամբ, նրան շնորհվել է պրապորշչիկի աստիճան:

Ինչպես տեղեկանում ենք գեներալ Կրասովսկու 1827թ. օգոստոսին Պասկեւիչին գրած զեկուցագրերից մեկում, ռուսական զորաբանակը մինչեւ Օշականի ճակատամարտը որոշակի ժամանակով տեղաբաշխվել է այստեղ: 1831թ. գյուղը ուներ 12 տուն, 77 շունչ բնակչություն, որոնք հավանաբար այստեղ էին տեղափոխվել 18-րդ դարի վերջերին, իսկ 1917թ.՝ 40 տուն օտարազգիներ, որոնք էլ գյուղից հեռացել են: Գյուղը հիշատակում է նաեւ Պերճ Պռոշյանը՝ կապված 1847թ. խոլերայից զերծ մնալու հետ:

Գյուղատեղիի կենտրոնում պահպանվել են բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, որն իր հորինվածքային առանձնահատկությամբ նման է 4-5-րդ դդ. կառուցված եկեղեցու: Այն ուղղանկյուն հատակագծով, արեւելքից քառանիստ եզրավորված խորանով, միանավ (երկթեք) շինություն է, որը հարավ-արեւմուտքից կապվել է կից կառուցված փոքր մատուռին (3 ճ 4մ չափերով): Վերջինիս պատերը հարդարված են բազմաթիվ խաղաքանդակներով: Այն նույնպես ավերակ է, պահպանվել են միայն հենապատերը: Եկեղեցին եւ մատուռը կառուցված են գորշագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով: Եկեղեցին հավանաբար վերակառուցվել է 13-րդ դարում Վաչուտյանների կողմից, քանի որ մատուռի մաքրման աշխատանքների միջոցին գտնվել է այդ ժամանակի մի արձանագիր շինաքար: Դրանք մեծապես ավերվել են 19-րդ դարում, երբ հիմնապատերի վրա օտարազգիները տներ են կառուցել:

Եկեղեցու շուրջը եղել է հին հայկական գերեզմանոց, որից պահպանվել են մի քանի հարթ տապանաքարեր, քանդակազարդ խաչքարերի բեկորներ եւ 6-7-րդ դդ.՝ քառակող կոթողներ: Գերեզմանոցից 1375թ. մի խաչքար տեղափոխվել է Կարբի:

Փոքր գյուղը վնասվել է 1264թ.՝ Ուշիի, 1679թ.՝ Արարատյան, 1827թ.՝ Ծաղկաձորի եւ 1840թ.՝ Արարատի երկրաշարժերից եւ այժմ ավերակներն առավել լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
13.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31