ԱՄՆ ՍԵնատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել Բայդենի վարչակազմին Ադրբեջանին ցույց տալ, որ իր գործողություններն անհետևանք չեն մնա:
«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, ինչն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և, ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա:
Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի առջև, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլեւս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին ներգրավվել այս հարցում ամենաբարձր մակարդակներով, որպեսզի հասկանալի դառնա, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ