Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության՝ Հայաստանի սահմանակից Քելբաջարի և Լաչինի շրջաններում բարդ լեռնային ռելիեֆ ունեցող հատվածներում եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց Ադրբեջանի սահմանապահ ուժերը տեղակայվում են «մեր երկրին պատկանող դիրքերում»:
«Այդ գործընթացն ընթանում է սովորական ռեժիմով և պարբերաբար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ «սահմանների պահպանության համակարգի ամրապնդմանն ուղղված գործողություններն» ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանող քարտեզների հիման վրա:
«Զարմանալի է, որ հայկական կողմը այդ գործընթացին անադեկվատ է արձագանքել՝ հանդես գալով սադրիչ հայտարարություններով: Անթույլատրելի ենք համարում Հայաստանի պաշտոնական շրջանակների կողմից երկրում նախընտրական իրավիճակով պայմանավորված այդ հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ըստ նախարարության՝ մայիսի 12-ից նշված շրջան է ուղարկվել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավարությունը, տեղում բանակցություններ են ընթանում հայկական կողմի սահմանապահների հետ և ձեռնարկվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված համապատասխան քայլերը:
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապ չտարածել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրականությունն Ադրբեջանի Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով և անհիմն կերպով չխորացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ նմանատիպ դեպքերը կարող են և պետք է լուծվել երկու կողմերի զինվորականների շփումների ճանապարհով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ