Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ հատ-հատ թվարկեց կառավարության կողմից մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը։
Նա ասաց, որ Շիրակի մարզում սոցիալական ծանր վիճակը մեղմելու նպատակով կառավարությունն այս տարի միջոցներ չի խնայում, քաղաքաշինական կապիտալ ծախսեր է անում։ Դրանք դառնում են, այսպես ասած, լոկոմոտիվ տնտեսության համար, թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղեր են ստեղծվում։ Մարզպետը, սակայն, մտահոգ է․ նրան անհանգստացնում է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։
«Իրականում ունենք շատ մտահոգող թվեր, բայց երբ համայնքի ղեկավարներին հարցնում եմ՝ արդյոք արտագնա աշխատանքի գնացողների թվերը նո՞ւյնն են՝ 2017, 2018 թվականների հետ համեմատ, պարզվում է՝ նույնն են։ Բայց ես՝ որպես անձ, որպես մարզպետ, շատ մտահոգ եմ, որովհետև այսքան ծրագիր պիտի իրականացնենք և շատ հնարավոր է ունենանք աշխատուժի խնդիր։
Իմ կոչը, խնդրանքը կլինի մեր մարզի բնակիչներին՝ մի քիչ համբերել․ այն տեղանքներում, որտեղ կլինեն կապիտալ շինարարություններ, կապվել շինկազմակերպությունների հետ և աշխատանքի հարցը տեղում կազմակերպել, որովհետև այս ծավալի շինաշխատանքներն իրականացնելու համար մենք գոնե առնվազն աշխատուժի խնդիր չունենանք։ Բայց այդ մասով էլ եմ մտահոգ, եթե այդ տեմպով են մարդիկ գնացել արտագնա աշխատանքի, մենք միգուցե ունենանք աշխատուժի խնդիր»,-իր մտահոգությունները հայտնեց մարզպետը։
Կարդացեք նաև
Հովհաննես Հարությունյանը միաժամանակ մեծ ուրախությամբ արձանագրեց, որ Շիրակի մարզում չեն եղել կրճատված կապիտալ ծախսեր, ընդհակառակը ավելացել են քաղաքաշինական ծրագրերը, որոնց մի մասը մրցութային փուլում է, մի մասի իրականացման համար էլ առաջիկայում մրցույթ կհայտարարվի։
«Գիտեք, որ Շիրակի մարզն ավանդական շատ խնդիրներ ուսերին շալակած՝ ապրել է երկար տարիներ։ Խնդիրների մի մասը լուծվել են, մի մասը ձնագնդի պես մեծացել է և ավելի լուրջ խնդիրների են վերածվել։ Եվ ես՝ որպես մարզպետ, աշխատում եմ նաև այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք այն լուծումները, որոնք որ պատկերացնում ենք, այս պահին արագ կյանքի կոչենք»,- ասաց մարզպետը։
Ըստ մարզպետի, Շիրակի մարզում կունենանք ճանապարհաշինարարության լայնամասշտաբ պատկեր։ Մարզի երեք համայնքներում՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում մոդուլային տիպի դպրոցներ կկառուցվեն․ դրանք նախագծերով նույնն են, սակայն հարմարեցվում են տեղանքին։ Դրանք կկառուցվեն 600-800 միլիոն դրամի շրջանակում։ Կախված տեղանքից և հողային աշխատանքից՝ նախագծային աշխատանքները տարբերվում են, սակայն տեսքով նույնն են լինում։
Արթիկ համայնքում էլ նախատեսվում է կառուցել մանկապարտեզ։ Մանկապարտեզների կառուցում նախատեսվում է նաև Հոռոմ, Փանիկ համայնքներում։ Մարզպետի տեղեկացմամբ՝ կկառուցվի նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը․ կառավարությունն այս տարի արդեն հատկացրել է 500 միլիոն դրամ, շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները։
Ըստ մարզպետի, գյուղական բնակավայրերում ավարտվում է «Ֆյուլլեր» հիմնադրամի հետ իրականացվող բնակարանաշինական ծրագիրը։
Մարզում կիրականացվեն նաև մոտ 70 սուբվենցիոն ծրագրեր։
Հովհաննես Հարությունյանն ասաց, որ հարյուր օրվա ընթացքում կապիտալ ծախսերը կարողացել են ավելացնել մոտ մեկ միլիարդ դրամով, որը ևս կնպաստի տեղի բնակիչներին հենց իրենց տեղանքում աշխատելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ