«Այս ընտրությունները էապես կտարբերվեն նախկին շատ ընտրություններից, եթե ոչ բոլորից: Դա չի նշանակում, որ դրանք մեզ կբավարարեն, շատ ավելի դժգոհ կարող է լինենք որոշ առումներով»,- այսօր այսպիսի տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնած «Որո՞նք են ընտրական հնարավոր զարգացումները եւ ինչպե՞ս կանխարգելել ժողովրդավարական գործընթացներին սպառնացող վտանգները արտահերթ ընտրությունների նախօրեին եւ ընթացքում» խորագրով քննարկման ժամանակ։
Նա ասաց, որ առաջին անգամ իսկապես չգիտենք, թե ովքեր են ընտրվելու. «Քաղաքական կենաց ու մահու պայքար է մղվելու, ինչը կարող է ստիպել նրանց չկանգնել ոչ մի միջոցների առաջ»:
Ըստ Սոնա Այվազյանի, վարչական կամ այլ ռեսուրսներ հնարավոր է կիրառվեն, բայց չեն կարող որեւէ ուժի թիրախավորել ու ասել՝ այս ուժն է տիրապետում տվյալ ռեսուրսի, քանի որ ապակենտրոնացված են միջոցները. «Այն, որ տարածքային ցուցակները հանվեցին, սա նշանակում է, որ մենք ուղղակիորեն չենք ունենա կրիմինալ, մոտիվացված ուժեր: Ակնկալում ենք, որ պետք է նվազի օլիգարխիկ, քրեածին տարրի մասնակցությունը, նրանց փողի բաժանումը կամ խոստումները: Ենթադրվում է, որ ավելի քաղաքական հիմքի վրա կդրվի»:
Այվազյանն ասաց, որ նախկինում ընտրախախտումների ձեւերը գիտեին, իսկ հիմա դիտորդական առաքելությունները շատ ուշադիր պետք է լինեն փորձելով գտնել ու վեր հանել այն նոր ձեւերը, մեխանիզմները, որոնցով կփորձեն անօրինական քվե ստանալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ