Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս էլ չեմ ուզում, որ որեւէ մի արարք անպատիժ մնա, ոնց որ չեմ ուզում անպատիժ մնա մեր երկրի տապալման գործընթացը». Սպիտակի համայնքապետ

Մայիս 13,2021 18:15

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցվել Սպիտակի համայնքապետարանի դեմ:

Aravot.am-ի հետ զրույցում համայնքապետ Գագիկ Սահակյանն ասաց, որ քրեական գործերի հետ կապված իրենք որեւէ գրավոր փաստաթուղթ չեն ստացել, այդ մասին իմացել են մամուլից. «Ինձ թվում է՝ իրավապահ մարմինները կգան, կհստակեցնեն եւ պարզաբանումներ կտան: Ես մի բան լավ գիտեմ, որ մեզ մոտ նման կրիմինալ երեւույթ չկա, չի էլ կարող լինել եւ ընդամենը մոտավորապես պատկերացնում ենք՝ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը»:

Մեր այն հարցին, թե այս ամենը կապ ունի՞ առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ, Սահակյանը պատասխանեց. «Հաստատ համոզված չեմ, բայց մտածում եմ, որ այո՝ կապ ունի: Երբ մի տեղ անորոշություն կա, կարող ես նաեւ սիրտդ սեւացնել: Էն որ ասում են՝ գողություն են անում, ում վրա ասես կարող ես կասկածել, այդ վիճակն է ստեղծվել: Եթե չգիտես՝ հստակություն չկա, կմտածես ամեն ինչ, այդ թվում նաեւ դա»:

Նշենք, որ Գագիկ Սահակյանն այն համայնքների ղեկավարներից է, որոնք պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա խոսքով, հենց այդ պահանջից հետո էլ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Սպիտակի համայնքապետարանում սկսեց իրականացնել 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն. «Իմ հայտարարությունից անմիջապես 2 օր հետո ՊՎԾ-ն ուսումնասիրություն իրականացրեց: Բայց այս ամեն ինչը, քանի որ անորոշություն կա, կարող եմ կապել ամեն ինչի հետ: Իրենք պետք է որոշակիություն մտցնեն, պարզաբանումներ տան, որպեսզի հասկանանք՝ իսկապես կրիմինալ բա՞ն են գտել, թե՞ չէ: Եթե այդպես է, կոռուպցիա կա, բնականաբար սլաքները կշեղվեն այդտեղ, կմտածենք, որ մի բան արել ենք, դրա համար է: Ես ինքս էլ չեմ ուզում, որ որեւէ մի արարք անպատիժ մնա, ոնց որ չեմ ուզում անպատիժ մնա մեր երկրի տապալման գործընթացը»:

Գագիկ Սահակյանը Սպիտակ համայնքը ղեկավարում է արդեն 13 տարի: Հունիսի 6-ին լրանում է պաշտոնավարման ժամանակը: Իսկ թե առաջիկա ընտրություններին թեկնածություն կդնի, թե ոչ, դեռ չի որոշել. «Ես չգիտեմ՝ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: Դեռ վաղ է դրա մասին մտածելը: Իհարկե, կկողմնորոշվենք… Ես միայն մեր երկրին խաղաղություն եմ ուզում: Եվ ուզում եմ, որ ոչ թե կրակոց չլինի սահմանին, այլ նման դեպքերում ուզում եմ, որ կրակոց լինի: Ոչ թե գլուխ գովեն, թե կրակոց չի եղել: Բա որ թշնամին մտել է մեր սահմանն ու կրակոց չի եղել, ինչի՞ չի եղել, ինչի՞ գերի չեն վերցրել: Չէ՞ որ նրանք են մտել մեր տարածքն ու կրակոց չի եղել, դա գլուխ գովելու բա՞ն է: Մեր պաշտպանները, ես համոզված եմ, որ կարող էին եւ՛ կրակել, եւ՛ գերի վերցնել, ես հասկանում եմ, որ գերագույն հրամանատարությունը նման թույլտվություն չի տվել: Կարող եմ չէ՞ այդպես մտածել»,-խոսքը եզրափակեց համայնքի ղեկավարը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31