Ազգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը այսօր Տավուշի մարզի 4 համայնքներում՝ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում բացել է գրասենյակներ։
Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Դիլիջանի գրասենյակի բացման արարողությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդի գլխավոր խնդիրն այս պահին ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գրասենյակներ ունենալն է՝ մարդկանց իրազեկությունը իրենց գաղափարների և նպատակների մասին տեղեկացնելու համար.
Կարդացեք նաև
«Մեր այս ցանցային գոյությունը՝ գրասենյակները, մեծ դերակատարություն են ունենալու մոտակա ժամանակներում և խոսքը միայն ԱԺ արտահերթ ընտրությունների մասին չէ, այլ նաև նպատակ ունենք այս գրասենյակների միջոցով Ժողովրդավարական բևեռի ծրագրերը կյանքի կոչել և գլխավոր նպատակը օր առաջ ազգային գլուխ ձևավորելն է, քանի որ այն պարտությունը, որ մենք կրել ենք և ամենօրյա նվաստացումերը, որ մենք ունենում ենք ազգային գլխի բացակայության հետևանք է»։
Սեֆիլյանի համոզմամբ՝ Ազգային-ժողովրդավարական բևեռը հունիսյան ընտրություններին հայ ժողովրդի գլխավոր այլընտրանքային ուժն է լինելու՝ ներկա և նախկին իշխանություններից ազատվելու համար.
«Մենք խնդիր ունենք հասանելիության, քանի որ ժողովրդի մեծ մասը մեր մասին չգիտի և հենց դա է այս գրասենյակների գլխավոր նպատակը։ Ժողովրդի հետ շփումներով մենք ներկայացնելու ենք մեր նպատակներն ու ծրագրերը, քանի որ մարդկանց մեծ մասը, երբ իմանում են մեր ծրագրերի մասին՝ մեր կողմնակիցներն են դառնում։
Հենց այս խնդիրը պետք է լուծենք մոտակա օրերին, քանի որ հարցումների արդյունքում՝ մարդկանց այն 50% -ը, որոնք ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանության կողմնակիցն են, վստահ եմ, որ մեծ մասը մեր կողմնակիցն են, պարզապես պետք է երևանք, որ մարդիկ ասեն՝ այո’, մենք պատրաստ ենք ձեզ օգնելու»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ