ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց Սերժ Սարգսյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։
Հիշեցնենք, որ 2020թ-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
Ամրամ Մակինյանն այդ թվում վկայակոչեց Սերժ Սարգսյանի ռազմական ոլորտի գործունեությունն ու դեռեւս 90-ականներից զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնները․ «ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ շա՞տ են նման կենսագրություն ունեցող անձինք»։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ վկայակոչեց, որ ըստ օրենսդրության՝ մեղադրյալի հանդեպ միշտ չէ, որ պետք է կիրառվի խափանման միջոց։
Կարդացեք նաև
Մեղադրող-դատախազ Արսեն Մարտիրոսյանը պաշտպանների միջնորդության դեմ առարկեց․ «Այո, իմ կողմից ընդունելի է այն ձեւակերպումը, որ խափանման միջոցը միշտ չէ, որ պետք է ընտրել մեղադրյալի կամ ամբաստանյալի հանդեպ։ Բայց այդ դիտարկումն ընդունելի չէ այս գործի դեպքում։ Խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում հիմքերը։ Փաստարկվել է, որ Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու եւ գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը կանխելու նպատակով է ընտրվել խափանման միջոցը։ Հաշվի է առնվել նաեւ անձի տարիքը, մշտական բնակության վայր չունենալը եւ նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը։ Վարույթ իրականացնող մարմինը հաշվի է առել անձին բնութագրող հանգամանքները, որոնք ես չեմ վիճարկում, դրանք հանրահայտ փաստեր են։ Բայց անձին վերագրվող արարքի բնույթը, հանցագործության պատճառած վնասի չափը եւս հաշվի է առնվում։ Մեկ տարի այս քրեական գործը վարույթում է, նիստերը ձգձգվել են տարբեր պատճառներով։ Եղել են նիստեր, որոնց չի մասնակցել Սերժ Սարգսյանը։ Նիստերից մեկում նրա չներկայանալը դատարանը որակել է որպես անհարգելի։ Դատարանը պարտավոր է այս հանգամանքը հաշվի առնել։ Մեղադրական եզրակացությունում կան շատ ապացույցներ, դատակոչված են վկաներ։ Միայն Սերգո Կարապետյանը չի տվել մեղադրական ցուցմունք․ կան անձինք, որոնք մեղադրանքի բովանդակությանը վերաբերող եւ մեղադրանքը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ տվել են ցուցմունքներ, որոնք դեռ պետք է հետազոտվեն։ Նկատի ունենալով, որ ապացույցները չեն հետազոտվել, վկաներ չեն հրավիրվել, ուստի քննությանը խոչընդոտելու առումով առկա է վտանգ, որ ապօրինի ազդեցություն կգործադրվի այդ անձանց նկատմամբ։ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, եւ նրա կապերն ու հնարավորությունները անձանց վրա ներգործություն ունենալու առումով իրական են։ Պաշտպանների միջնորդությունը հիմնավոր չէ։ Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոցի հիմքերը կան եւ շարունակում են լինել»։
Ի պատասխան Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանն ամեն օր գնում է աշխատանքի, ազատ տեղաշարժվում երկրում․ «Եթե դատախազությունն իսկապես ունի մտահոգություն, պետք է միջոցներ ձեռնարկի, այլապես թղթի վրա առկա խափանման միջոցը ոչինչ չի կանխում»։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ շեշտեց՝ դատախազությունը չի հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորել․ «Ինչ վերաբերում է նիստերից մեկում Սերժ Սարգսյանի բացակայությունը անհարգելի որակելուն, տեղեկացնեմ, որ այդ նիստը չէր կայացել Սերժ Սարգսյանի կամքից անկախ հանգամանքներով»։
Հավելենք, որ այս միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ