Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի պաշտոնե արված աշխատանքը քարոզարշավի հետ զուգորդելուն առնչվող կարգավորումները, ցավոք, դուրս մնացին ԸՕ վերջնական նախագծից». Աղասի Եսայան

Մայիս 13,2021 16:24

«Այս ընտրություններին ընդհանրապես գրիչ չի օգտագործվելու»,- «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացված հարցազրույցի ընթացքում փաստեց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը:

Նրա բնորոշմամբ՝ ընտրողի համար քվեակարգը առավելագույնս պարզեցված է այս պարագայում: Աղասի Եսայանը պարզաբանեց՝ յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր քվեաթերթիկը, ընտրողը գրանցվելուց հետո մոտենում է քվեաթերթիկ հատկացնող անդամին և ստանում յուրաքանչյուր կուսակցությունից մեկական քվեաթերթիկ, որից հետո իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը տեղադրում է քվեարկության ծրարի մեջ: Այդպես կատարում է իր քվեարկությունը:

Հարցազրուցավարի դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ այս փոփոխությունները ենթադրում են անցում մարդ-կուսակցությունների, ի՞նչ հետևանքների սա կբերի, նա արձագանքեց. «Դեկտեմբերի 29-ին ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքը, որտեղ կան մի շարք դրույթներ, որոնք աստիճանաբար են ուժի մեջ մտնելու: Մեկը ընտրական ցուցակների ձևավորումն է: Օրենքում ամրագրված է, որ այդ ցուցակները կազմվելու են կուսակցությունների համագումարում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Սա կարևոր ժողովրդավարական մեխանիզմի ներդրում է»:

Ըստ Աղասի Եսայանի՝ ցավոք, քիչ են փոփոխությունները, որոնք վերաբերում են հենց ընտրական գործընթացին: Նա պարզաբանեց. «Մեծ փաթեթը, որ ընդունվեց ավելի ուշ, այդ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնեն 2022-ից, որոշ դրույթներ անգամ 2023-ից: Մի քանի կարևոր դրույթներ, որոնք տեղական ինքնակառավարման ընտրություններին են վերաբերվում, արդեն ուժի մեջ կլինեն սեպտեմբերից: Ամեն դեպքում էական փոփոխությունը կատարված է՝ անցում պարզ համամասնական համակարգին, ինչը նշանակում է պայքարը կլինի ավելի քաղաքական, և ավելի քիչ անձնակենտրոն: Այդ իմաստով քարոզարշավը կնպաստի ավելի բարձր քաղաքական մշակույթի և դեբատների առաջխաղացմանը»։

Փաստմանը՝ վերջին պահին քարոզարշավի խախտումների վերաբերյալ դրույթները դուրս եկան նախագծից և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք դա, Աղասի Եսայանն այսպես պատասխանեց. «Այդ հոդվածները հանելու տրամաբանությունն այն է, որ կիրարկելիության տեսանկյունից պետական մարմիներն այսօրվա դրությամբ պատրաստ չեն: Հին դրույթներով որոշ ծախսեր ընդհանրապես չեն զեկուցում: Այդ փոփոխությունները նախատեսել էինք, Վենետիկի հանձնաժողովի կողմից ողջունվել, բայց քանի որ հնարավոր չէր պատշաճ կերպով իրականացնել, դրանք հանվեցին»:

Հարցին՝ վարչական ռեսուրսի չարաշահման առնչությամբ ի՞նչ փոփոխություններ են եղել, Աղասի Եսայանը պատասխանեց. «Տարածված չարաշահումներից էր, երբ ի պաշտոնե աշխատանքը զուգորդվում էր քարոզարշավի հետ: Դրա հետ կապված դժբախտաբար ասեմ, որ մենք ունեինք ավելի մանրամասն կարգավորումներ Ընտրական օրենսգրքի նախագծում, որոնք դուրս մնացին վերջնական նախագծից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31