Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն կա, որ Բարսեղ Բեգլարյանը հնարավորություն ունի դատավարության մասնակիցների վրա անօրինական եղանակներով ազդելու»․ դատախազ

Մայիս 13,2021 16:07

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։

Հիշեցնենք, որ 2020թ-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Պաշտպանը շեշտեց, որ Բարսեղ Բեգլարյանն այս ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ եւ չի կարող խոչընդոտել գործի քննությանը, ազդել գործի քննության վրա։ «Դատաքննության ընթացքում Բարսեղ Բեգլարյանի կողմից չի եղել դատաքննության մասնակից անձանց վրա ազդելու որեւէ դեպք, իսկ հետագայում նման ազդեցությունն ուղղակի անհնար է։ Չկա հիմք նաեւ ենթադրելու, որ նա կարող է կատարել ՔՕ-ով սահմանված որեւէ արարք։ Խափանման միջոցի առկայությամբ սահմանափակված է նրա՝ արտասահման մեկնելու հնարավորությունը, բացի այդ՝ այն արդեն իսկ բացասաբար է ընկալվում նրա արտասահմանյան գործընկերների կողմից եւ կարող է ստվերել նրա՝ որպես գործարարի եւ բաժնետիրոջ վարկանիշը»:

Գործող մեղադրող-դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդության դեմ առարկեց․ «Եթե վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ առկա է խափանման միջոց, ապա դրա համար առկա են նաեւ հիմքեր: Մեղադրանքի նկարագրությունը պարզ է, եւ վարույթն իրականացնող մարմինը հետեւություն է արել, որ նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով, հաշվի առնելով նրա տարիքն ու մշտական բնակության վայր ունենալու հանգամանքները՝ պետք է որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վարույթն իրականացնող մարմինը հանգել է ողջամիտ հետեւության, որ ստորագրությամբ չհեռանալը կարող է կանխել Բեգլարյանի կողմից անհարգալից պատճառներով գործի քննությանը չներկայանալու եւ գործով անցնող անձանց վրա ազդելու հնարավորությունը։ Մտավախություն կա, որ Բարսեղ Բեգլարյանը հնարավորություն ունի դատավարության մասնակիցների վրա անօրինական եղանակներով ազդեցություն գործելու։ Դեռ որեւէ ապացույց չի հետազոտվել, եւ նշված վտանգն առկա է»։

Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31