Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա արդարացմա՞ն հիմքում ինչ ապացույցներ կան․ ծաղկաքաղ եք արել»․ Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ դատախազին

Մայիս 13,2021 15:19

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց մեղադրանքի կողմից պահանջել եւ ստանալ մայր քրեական գործով 2020թ․-ի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերի, Սեւան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճենները։ Ըստ պաշտպանի՝ երբ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, վերջինիս արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։

Հիշեցնենք, որ 2020թ-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Սեւան Քոչարյանի ցուցմունքի թույլատրելիությունը հարցականի տակ է, իսկ որոշ այլ անձանց հայտնած տվյալներ կան, որոնք կարող են գործի համար էական նշանակության տեղեկատվության տիրապետել․ «Չի բացառվում, որ նրանք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները չեն կցվել այս՝ անջատված գործի նյութերին։ Օրինակ պարզ չէ՝ Խաչիկ Մանուկյանին, որի անունը հիշատակել են որոշ անձինք, կենդանության օրոք հարցաքննե՞լ են, թե՞ ոչ։ Պաշտպանության կողմը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել գործի բոլոր նյութերը, որոնք առնչվում են մեր պաշտպանյալին առաջադրված ապօրինի մեղադրանքին։ Դրանցում առկա են մեղադրանքը հերքող եւ ամբաստանյալին արդարացնող նյութեր, ապացույցներ։ Նյութեր են, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պաշտպանական մարտավարության համար։ Մեղադրանքի կողմը նշված նյութերը չտրամադրելով՝ խախտել է կողմերի՝ զենքերի հավասարության սկզբունքը։ Մենք զրկվել ենք այդ ապացույցները գնահատելու եւ վիճարկելու հնարավորությունից, իսկ դրանց գնահատումը միայն մեղադրանքի կողմից իմաստազրկում է պաշտպանական կողմի գործունեությունն այս վարույթում։ Եթե պահանջվող նյութերը պարունակում են պետական գաղտնիք, ապա դրանք կարող են ուսումնասիրվել դռնփակ նիստում»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն էլ պնդեց՝ կան փաստաթղթեր, որոնք այս՝ անջատված քրեական գործից բացակայել են․ «Հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց մենք չենք ծանոթացել։ Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյալին վերագրվող արարքը։ Հարցս հռետորական է։ Բացի այդ, Սեւան Քոչարյանի առնչությամբ քրեական գործը, որը մնացել է ՀՔԾ-ում, ի՞նչ փուլում է։ Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը պաշտպանների միջնորդության դեմ առարկեց՝ նախ նշելով, որ Սեւան Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործ․ «Վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել է ենթադրյալ նոր հանցագործության դեպք․․․Հինգ անձանց առաջադրվել են մեղադրանքներ, եւ ձեռքբերված ապացույցներով վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործն անջատել։ Անջատված քրեական գործում, բնականաբար, տեղակայվել են մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։ Ուստի գործընկերներիս դիտարկումը, թե ծաղկաքաղ է արվել, առնվազն տրամաբանական չէ։ Քրեական գործում կան բոլոր ապացույցները եւ փաստաթղթերը, որոնք կան ամբաստանյալների մեղադրանքի հիմքում։ Զենքերի հավասարության խախտման սկզբունքի մասին էլ խոսք լինել չի կարող։ Կողմերը զրկված չեն դատարանին ապացույցներ ներկայացնելու իրավունքից։ Նման իրավիճակում պաշտպանական կողմի իրավունքների խախտման մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է Սեւան Քոչարյանին, ապա նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործ, նա վկա է, եւ նրա ցուցմունքները, որոնք վերաբերել են այս՝ անջատված քրեական գործին, բնականաբար, դրվել են քրեական գործում։ Հետեւաբար, պաշտպանական կողմը զրկված չէ Քոչարյանին համապատասխան հարցադրումներ անելու հնարավորությունից։ Այն ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, ներկայացված են դատարանին եւ կողմերին»։

Մակինյանը չհամաձայնեց․ «Դատախազն ասում է, թե մեղադրանքի հիմքում եղած բոլոր ապացույցները ներառել են։ Բա արդարացմա՞ն հիմքում ինչ նյութեր կան։ Դրա համար եմ ասում՝ ծաղկաքաղ են արել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31