Թայվանում աշխատող կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը, որն իր հրապարակախոսական հոդվածների տակ ստորագրում է «Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից», պատասխանում է Aravot.am-ի հարցերին:
– Օրերս ԲՈԿ-ը մեկնաբանություն է արել ԱԺ «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ պատասխանից:
– Ստիպված կարդացի, որովհետեւ հայցադիմումի մեջ ներառված էին մեր նախորդ հարցազրույցից հատվածներ՝ ինչին պետք է պատասխաներ ԲՈԿ-ը։ Նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էի, որ նորմալ երկրներում ԲՈԿ ղեկավարելը քարտուղարուհու աշխատանք է։ Բայց մոռացել էի նշել, որ բարոյական քարտուղարուհու։
– Ի՞նչ նկատի ունեք։
Կարդացեք նաև
– Ես հարցնում էի, թե ինչու է աստվածաբանության խորհրդի քարտուղարը ստում՝ հայցորդը չունի 40-ից ավել տպագիր աշխատանքներ միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Պատասխանում էին մոտավորապես այսպես` դա մեր գործը չի։ Հիմա հարցին, թե ինչու է Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական աշխատանքը համարվում հայագիտական՝ նորից պատասխանում են` դա մեր գործը չի, դա որոշում է պաշտպանության խորհուրդը։ Իջնել լկտի քարտուղարուհու մակարդակի քննարկման և ասել, որ այդ խելքով կարելի է ֆիզիկայի աշխատանքներն էլ հայտարարել հայագիտական և դուք չեք վիճարկի՝ արդեն ամոթ է, դա իմքայլական պատգամավորին վայել մակարդակ է։
– Իսկ ի՞նչ կասեք միջազգային ամսագրերում տպագրված աշխատանքների մասին, հատկապես որ պնդում էիք, թե նույնիսկ այդ երկրների ԲՈԿ-երը չեն ընդունում այդ ամսագրերում տպագրված հոդվածները պաշտպանության։
– Շարունակում եմ պնդել՝ դա ասում են համապատասխան երկրների ԲՈԿ կայքերը, ես պարզապես փաստում եմ։ Բայց մեր ԲՈԿ նախագահը անհամեստ քարտուղարուհու պես պատասխանում է՝ ի՞նչ անենք, մեր համար պարտադիր չէ, որ այդ ամսագրերը որակազրկված են իրենց երկրների ԲՈԿ-երի կողմից, կարևորը օտարալեզու լինելն է։ Ես չգիտեմ, դիտմա՞մբ է բաց թողնվում գրախոսվող ամսագիր լինելու պահանջը։ Ինձ համար դժվար է հետևել քարտուղարուհու տրամաբանությանը։ Պարզապես ասեմ, որ հենց առաջին ամսագիրը, որը նշել էի հարցման մեջ՝ նորից ստուգեցի։ Ցանկացողները կարող են ստուգել https://viesp.ru/nauchnye-zhurnaly/ կայքում։ Դա Журнал «Философия социальных коммуникаций» ամսագիրն է, որը չի ընդունում ռուսական ԲՈԿ-ը։ Այս ամսագրում հոդված տպագրելը արժի 2500 ռուբլի՝ սա գրված է նրանց պաշտոնական կայքում։ Եվ ինչն է առավել զավեշտալի՝ կանոնների 15-րդ կետում գրված է՝ դու ես ներկայացնում առնվազն 2 գրախոսություն։ Հետեւաբար ընկնել բելառուսական եկեղեցական սեմինարի նյութերի ուսումնասիրության ետևից՝ պարզապես ամոթ է։ Ես ի՞նչ անեմ, որ հայկական ԲՈԿ-ը այս խելքին եղել ու մնացել է։ Անիմաստ դատարկաբանությունների շարանը շարունակվում է։
– Իսկ հայկական ամսագրերում եղած հոդվածների մասին ի՞նչ կասեք։
– Արդեն «պատի թերթերն» էլ քննարկե՞նք։ Առաջին իսկ հոդվածից, որին հղում է անում հեղինակը սեղմագրի մեջ, «Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք» վերնագրով ամսագիր չկա ԲՈԿ ցուցակում, կարող եք համոզվել ԲՈԿ կայքը բացելով: Այսինքն, եթե ԲՈԿ-ն ունենար տարրական բարոյականություն և 2-րդ դասարանի գիտելիք թվաբանությունից, 18 հոդվածներից, որոնք կան սեղմագրի մեջ, կհաներ 4-ը՝
4. Հովհաննիսյան Հ., Նեստորի աստվածաբանական լուծումները Քրիստոսի մարդկային ու աստվածային բնությունների առնչությամբ, Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք Է, Երևան, 2012, էջ 7-17։
5. Հովհաննիսյան Հ., Դիոդորոս Տարսոնացու քրիստոսաբանական հայացքները, Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք Է, Երևան, 2012, էջ 58-67։
9. Հովհաննիսյան Հ., Ապոլինար Լաոդիկեցու քրիստոսաբանական լուծումների շուրջ, Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք Ը, Երևան, 2013, էջ 189-202։
13. Հովհաննիսյան Հ., Նեստորի պրոսոպոնային միության բանաձևն իբրև նրա քրիստոսաբանության անկյունաքար, Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք ԺԱ, Երևան, 2016, էջ 235-244։
Թողել եմ սեղմագրի մեջ եղած համարակալումը։ Հայ անվանի մաթեմատիկոսներից էլ կպարզեր, որ 18-4=14։ Այսինքն, ԲՈԿ պահանջը 15 հոդվածի հայկական ամսագրերում՝ սա էլ չի բավարարվել։
– Ունե՞ք որեւէ խորհուրդ տալու ցանկություն:
– Բացարձակ…Մինչև չփոխվի իշխանությունը, մինչև երկրի կառավարման ղեկը չվերցնեն նոր ուժեր, անիմաստ ժամանց է։ «Ձաձա ջան փող տուր» մակարդակի խոսակցություն վարելու ոչ մի ցանկություն չունեմ։ Մարդիկ չեն տարբերում «Ակադեմիական քաղաքը» եւ «Համալսարանական կամպուսը» ու շարունակում են դատարկաբանությունը… Ես ում և ինչ խորհուրդ տամ։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ