Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հոգեբանական գրոհի է անցել՝ սահմանային բնակավայրերը հայաթափելու համար»

Մայիս 13,2021 15:00

Երեկ Հայաստանի սահմանային երկու տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը փորձում էին, այսպես ասած՝ դիրքեր տեղադրել։ Սյունիքից ահազանգ հնչեց, թե ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում առաջ են եկել։ Պաշտոնական տեղեկատվությունն էլ փորձում էր հանգստացնել հանրությանը, թե՝ իրավիճակը վերահսկողության տակ է, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Երեկոյան Սյունիքի մարզպետը «Հայկական Ժամանակ» օրաթերթին հայտնել է. «Ադրբեջանցիները մտածված եկել են եւ պետական սահմանը խախտել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը: Բանակցություններն ընթացքում են, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաներն իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք. ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Գիտե՞ք ոնց, իրենք, որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա»:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ մեզ հետ զրույցում այս մարզի սահմանին ադրբեջանցիների՝ դիրքավորման աշխատանքների մասին ասաց՝ Վերին Շորժային հարակից հատվածում է, այնտեղ իրենք դիրքեր չէին տեղակայել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հիմա տեղակայում են. «Մեր բանակային կորպուսի հրամանատարն ու զինվորներն այնտեղ են՝ որոշակի ճշգրտումներ անելու համար։ Միջադեպ չի եղել, առաջ չեն գալիս ընդհանրապես, սահմանագծի մասին է խոսքը, բարձր լեռնային ցուրտ պայմաններ են, իրենք դիրքեր չունեին, հիմա դնում են։ Սահմանապահ զորքեր ունենք, մերոնք ներկա են, իրավիճակը վերահսկսվում է։ Դա Քարվաճառին սահմանակից հատվածն է, Ալ լճերի հարակից հատվածն է»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ դեռ հունվարին զգուշացրել է՝ որքան եղանակային պայմանները բարելավվեն, այսպես ասած՝ սահմանների ճշգրտումը տեղի է ունենալու այն հատվածներում, որոնք ձյան տակ են եղել մինչ այդ։
«Բացի այդ, բավականին տեւական ժամանակ է, որ Ադրբեջանը վարում է հոգեբանական պատերազմ, այսօրվա դեպքերն էլ հոգեբանական գրոհի մի դրվագ է։ Այնպես որ, ես կարծում եմ՝ իրականում Ադրբեջանը հեռու գանացող նպատակներ ունի եւ փորձում է քայլ առ քայլ հասնել այդ նպատակներին»։

Արդյոք հայկական կողմի հակազդեցությունը համարժեք էր, այս հարցին ի պատասխան, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես քայլեր չտեսա, ավելի շատ ներքին լսարանի համար հայտարարություններ տարածվեցին։ Մինչդեռ մենք հասկանում ենք, որ ոչ թե այդպես պետք է լիներ, այլ առնվազն պետք է ՌԴ-ին որպես միջնորդ կողմ պատշաճ կարգով տեղյակ պահել, տեղյալ պահվել է, բայց պետք էր՝ պատշաճ, պետք էր պահանջներ դնել, որպեսզի այսուհետ նման իրավիճակներում չհայտնվենք։ Որովհետեւ, ստացվում է, որ մտել ենք մի պատերազմի մեջ, որն առանց մեկ փամփուշտ կրակելու է իրականացվում եւ հայաթափվելու են հայկական սահմանային բնակավայրերը։ Ըստ իս, իրենց ծրագիրն է՝ փորձելու են իրենց թշնամանքը տարածել՝ հայաթափելով սահմանային բնակավայրերը, եւ երկրորդ ծրագիրը՝ արդեն իբրեւ թե բարեկամության շղարշի ներքո համաձայնագրեր ստորագրելուց հետո կտեսնենք, որ իրենք հայտնվել են այդ բնակավայրերում որպես ՀՀ քաղաքացի, բայց ադրբեջանցի են»։

Ադրբեջանական կողմի այս գործողություններն, ըստ ռազմական փորձագետի անօրինական են. «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երբեւէ սահմանազատման մասին պայմանագիր չի եղել, եւ այսօր գալ դնել դիրքեր ու արդարացնել այն, հղում տալով նոյեմբերի իննի փաստաթղթին, անընդունելի է։ Նրանց գործողությունները հակաօրինական են, եւ կարող եմ ասել՝ ժամանակավոր»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմն էլ այդ վիճարահարույց հատվածներում դիրքեր չի դնում, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ես ձեզ կհակազդեի, եթե չլիներ Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությունը, թե՝ այդ դիրքերը բարձիթողի վիճակում են եղել, եւ պաշտպանություն չի եղել։ Այսինքն, այո, մենք լուրջ խնդիր ունենք։ Փոխանակ մենք զբաղվենք այդ նոր դիրքերով, փորձում ենք ներքին լսարանի համար հայտարարություններ անել, հանգստացնել կամ ներքին քաղաքական կյանքում սլաքներն այս կամ այն ուժին ուղղել»։

Գեղարքունիքի մարզպետի հայտարարության մասին էլ փորձագետն ասաց՝ փորձում են արդարացնել, թե դրանք իրավական գործողություններ են, Գեղարքունիքում սահմանային բնակավայրերը շատ չեն, անտեսված են, Ալ լճերում խնդիր կա, ջրահավաք ավազան է, իսկ Սյունիքում անմիջական սահմանային բնակավայրերը ավելի շատ են. «Դա վտանգավոր է, կարող մեկ գիշերվա մեջ դիրքային այդպիսի աշխատանքներ իրականացնեն»։

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է կոշտ հայտարարություններ անի, պնդի՝ սահմանների ճշգրտման փաստաթուղթ չկա, Ադրբեջանն իրականացնում է հոգեբանական գրոհ. «Այս թեզը պետք է առաջ տանի, ոչ թե ասի՝ ձնհալից հետո աշխատանքներ են անում։ Իշխանությունը պետք է դատապարտի այդ պահվածքը եւ կոչ անի նման բան չանել, պահանջատիրական լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31