Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց էին անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Նրանք արդեն 7 -րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել։
«Մնացել ենք 220 հոգի, դռնեդուռ են գցել, 6-7 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել։ Բոլոր ատյաններին դիմել ենք։ Ցանկանում ենք հանդիպել վարչապետի հետ, որպեսզի մեր պահանջները ներկայացնենք։ Կառավարության աշխատողների մեծամասնությունը ոչ թե ի օգուտ կառավարության է աշխատում, այլ՝ ի վնաս։ Մարդիկ չեն պատկերացնում ՝ ինչ բան է «Նաիրիտ» գործարանի անվտանգությունը։ Հազարավոր տոննաներ պայթուցիկ նյութեր կան, 1200-ն էլ՝ չափազանց վտանգավոր պայթուցիկ նյութեր։ 3-4 հազար հոգուց մնացել են 220 աշխատող, ապահովում են գործարանի եւ երկրի անվտանգությունը ու հիմա դռնից դուռ են գցել մարդկանց։ Աշխատավարձ չենք ստացել, մարդիկ նույնիսկ տրանսպորտի փող չունեն»։
Կարդացեք նաև
Նրանք ասացին, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է տեսել գործարանի ներսում առկա այդ պայթուցիկ նյութերը, տեղյակ է իրավիճակից, իսկ հիմա նրա ենթակաները թույլ չեն տալիս, որ աշխատակիցները հանդիպեն նրա հետ։
Մոտ մեկ ամիս առաջ գործարանի արհմիությունը նամակ է ուղարկել կառավարությանը, նշել՝ գործարանը վատ պայմաններում է, ներսում առկա են մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ, հրդեհավտանգ նյութեր, նոյեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել, սակայն, ըստ աշխատակիցների, մինչ օր պատասխան չեն ստացել․ «Միայն ԱԻՆ է կիսատ-պռատ պատասխանել՝ մենք ձեր աշխատավարձերով չենք զբաղվում ու վերջ։ Մերը սոցիալական հարց է, քաղաքական չէ, ու ոչ մի կուսակցություն չկա մեր թիկունքում։ Կոլեկտիվը որոշել է՝ երկու օրում եթե աշխատավարձի հարցը չլուծվի, որեւէ աշխատակից գործարանի տարածք չի մտնելու։ Դա նշանակում է՝ գործարանի անվտանգության հարցը մնալու է օդից կախված։ Մարդիկ փող չունեն գան գործի, տրանսպորտի, ընդմիջման գումար չունեն։ Այսքանից հետո ինչո՞ւ պիտի մնան աշխատեն»։
Երկու տարի առաջ գործարանի 120 աշխատակիցներին ԱԻՆ-ի հաստիքացուցակում ներառեց, աշխատավարձն ԱԻՆ-ից էին ստանում, բայց, ինչպես ասացին աշխատակիցները, մեկ տարի առաջ այդ աշխատակիցներին կրկին տեղափոխեցին գործարանի հաստիքացուցակ․ «Իսկ «Նաիրիտը» սնանկության գործընթացում է։ Պետք է գործարանի ապրանքը վաճառեն, որպեսզի աշխատավարձ տան։ Ապրանք գնող չկա , բայց ոչ էլ թողնում են ծախեն»։
Ցույցի մասնակիցներից երկուսին հրավիրեցին վարչապետի օգնականի հետ հանդիպման։ Կարճ ժամանակ հետո աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից եւ մանրամասներ ներկայացրեցին այդ հանդիպումից։
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, նա խոստացել է լուծում տալ խնդրին՝ հրավիրել բոլոր շահագրգռ կողմերին նիստի․ «Ասաց՝ վարչապետին էլ է տեղյակ պահելու։ Վաղն ինչ առաջարկություն արվի, վարչապետին ներկայացնելու է։ Թե քանի օրում աշխատավարձի հարցը կլուծվի, վաղը երեւի պարզ կլինի։ Պարզ կլինի, թե ինչ միջոցով են վճարելու կամ ում միջոցով»։
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հայտարարեցին՝ եթե խնդիրը չլուծվի՝ անժամկետ նստացույց են անելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ