Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սև լիճ» արգելավայրը ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, համապատասխան մարմինները ՀՀ շահերից ելնելով պետք է  ձևակերպում տային տեղի ունեցածին. Նարինե Կիրակոսյան

Մայիս 13,2021 13:47

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող «Սև լիճ» արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է։  Բնականաբար Կառավարության համապատասխան որոշմամբ․ (ՀՀ կառավարության 2008 թվականի 14 oգոստոսի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ հաստատված)։

‼‼‼Հուշարձանն ունի 27 ԱՆՁՆԱԳԻՐ՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին, որոնք ներկայացնում եմ այս նկարներով։


Այս լճի իրավունքները պետք է անմիջապես հետաքրքրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ՀՀ ոստիկանությանը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտին, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով պետք է համապատասխան ձևակերպում տային տեղի ունեցածին։

Սակայն այս կառույցները, հատկապես ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նախորդիվ լռեց, կամ ոչ պետական շահերից ելնելով արտահայտվեց Սյունիքի հատուկ բնապահպանական տարածքների, հատկապես «Սոսիների պուրակ» արգելավայրի վերաբերյալ, այնպես էլ «Սև լիճ» արգելավայրի մասին է լռում։ Ի դեպ՝ բոլոր նշվածս բնության հատուկ պահպանվող տարածքները «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մաս են կազմում։

‼‼‼ Ըստ այդմ «Սև լիճ» արգելավայրի պահպանության կազմակերպման մասով կարող է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO-ն մանրամասնել։

‼‼‼ «Սև լիճ» արգելավայրը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2666 մ բարձրության վրա։ Այն անհոսք քաղցրահամ լիճ է մոտ 2 քառ կմ մակերեսով։ Լճի երկարությունը կազմում է 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն խ մ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Այստեղ բուծել են նաև իշխան ձուկ։

‼Լճի մասին նաև լեգենդներ են պատմում, թե․
– Սև լճի ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։

– Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։

«Սև լիճ» արգելավայրի բնապատկերը՝ Հայկական աշխարհագրական նախագծի կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31